Կառավարությունը պատասխանել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին ՄԻԵԴ-ի հարցադրումներին

Հայաստանի կառավարությունն այսօր պատասխանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հարցադրումներին, որոնք վերաբերում էին նախկին պատգամավոր, այժմ կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին: ՄԻԵԴ ի վերջնաժամկետը հենց ապրիլի 3-ն էր:

«ՄԻԵԴ-ը ուղղել էր հարցեր կապված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ, և արդյո՞ք նա ստանում է համապատասխան բժշկական սպասարկում, օգնություն՝ գտնվելով խափանման միջոց կալանքի տակ, և արդյո՞ք անհրաժեշտություն կա նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ ստացիոնալ բուժման: Ինչպես նաև հարց, որը վերաբերում էր հատուկ դիագնոստիկ միջոցներին», - պարզաբանեց վարչապետի խորհրդական, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Մարտի 12-ին Ստրասբուրգի դատարան է դիմել Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմը՝ խնդրելով, որպեսզի դատարանը միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մասնագետների հսկողության տակ, ապահովել նրա բուժումը Ֆրանսիայում: Եվրոպական դատարանը որոշման կայացումը հետաձգել է՝ սպասելով Հայաստանի իշխանության պատասխանին:

Կիրակոսյանը չբացահայտեց, թե ինչպես է ՄԻԵԴ ուղարկված փաթեթում գնահատվել Գրիգորյանի առողջական վիճակը․ - «Չեմ կարող մանրամասները բացահայտել պատասխանների: Մենք, հարցադրումներից կախված, ուղարկել ենք ըստ իրավասու գերատեսչությունների՝ Առողջապահության նախարարություն, վարույթն իրականացնող մարմնին, քրեակատարողական վարչություն, դատախազություն, և իրենցից ստացել ենք պատասխաններ: Եվ ամփոփված վիճակում արդեն ներկայացնում ենք դատարանին»:

Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը եվրոպական դատարան ուղարկված պատասխաններից տեղեկություն չունի, ունի ենթադրություն․ - «Հաշվի առնելով վատ նախադեպերը, երբ մարդը կալանքի ծանր հիվանդությունները միշտ գրել են՝ կյանքին վտանգ չի սպառնում, բայց կարա կյանքին վտանգ սպառնալ, նույն ձևի կիսահղի փաստաթուղթ էլ հիմա են ներկայացնելու: Միևնույն ժամանակ տեղեկացնեմ, որ դրա գնահատականը միանշանակ մենք տալու ենք»:

Բաղդասարյանը հույս ունի, որ Եվրոպական դատարանը օբյեկտիվ որոշում է կայացնելու, որով հնարավոր կդառնա իր պաշտպանյալի բուժօգնության անհապաղ կազմակերպումը․ - «Իմ պաշտպանյալի իրավունքը ուղղակի խախտվել է: Վերջինս դասական խոշտանգման է ենթարկվում այսօր կալանավայրում: Ունենալով 20-ից ավել հիվանդություններ և օրական սրսկվելով 103 միավոր ինսուլին, դա արդեն խոսում է նրա մասին, որ պետությունը, ունենալով պոզիտիվ պարտավորություն, այն չկատարեց՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով»:

«Կյանքին վտանգ չի սպառնում, բայց կարող է սպառնալ»․փաստաբանի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ միջգերատեսչկան բժշկական հանձնաժողովի վերջին եզրակացությունը սա է եղել: Այս փաստաթղթի տակ այս տարվա հունվարին ստորագրել է նախորդ տարվա դեկտեմբերին աշխատանքից ազատված Առողջապահության փոխնախարարը:

Փաստաբանը քրեական գործ հարուցելու խնդրանքով դիմել է Ազգային Անվտանգության ծառայությանը․ - «Շաքարային դիաբետ սրված վիճակը բերել է այլ օրգանների քայքայում, մասնավորապես՝ աչքեր, պոչկաներ»:

Շաքարային դիաբետ ու թոքի քաղցկեղ ունեցող նախկին պատգամավորն այժմ «Նաիրի» բուժկենտրոնում է: Գրիգորյանին այս օրերին զննել է նաև ավելի վաղ նրան վիրահատած ֆրանսիացի բժիշկը:

Լևոն Բաղդասարյանն ասաց, որ մասնագետներն անհրաժեշտ են համարել գոնե 3-ժամյա բացօթյա զբոսանքը, բայց կալանավոր Գրիգորյանը զրկված է դրանից: