Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ադիս-Աբեբայում հանդիպել է Եթովպիայի ԱԳՆ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի հետ:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Մնացականյանն ընդգծել է, որ աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների խորացումը, տարածաշրջանում Հայաստանի ներկայության ամրապնդման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը հանդիսանում են կառավարության առաջնահերթություններից մեկը։
Զոհրաբ Մնացականյանը և Մարկոս Թեկլե Ռիկեն նշել են, որ Հայաստանի և Եթովպիայի միջև պատմականորեն ձևավորված և դարերի պատմությամբ միահյուսված կապերն ամուր հիմք են ստեղծում արդի փուլում երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման և ընդլայնման համար։ Այս համատեքստում Եթովպիայի ԱԳՆ պետնախարարն առանձնահատուկ ընդգծել է հայկական համայնքի պատմական դերը Եթովպիայի արդիականացման գործում:
ՀՀ ԱԳ նախարարն ու Եթովպիայի ԱԳՆ պետնախարարն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը՝ համատեղ գործնական քայլեր ձեռնարկելու քաղաքական երկխոսության աշխուժացման համար առկա մեծ ներուժը հնարավորինս արդյունավետորեն օգտագործելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ակտիվ համագործակցության ուղղությամբ:
Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կառույցներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, կարևորվել ոլորտային խորհրդակցությունների անցկացումը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Ներկայացնելով Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները՝ Մնացականյանն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները՝ դրանք դիտարկելով նաև հայ-եթովպական երկկողմ օրակարգի հավանական բաղադրիչ:
Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ պատահական չէ իր գլխավորած պատվիրակության կազմում նաև հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների ներգրավումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում աֆրիկյան գործընկերների հետ առարկայական քննարկումներ անցկացնելու համար և ուրվագծելու հետագա փոխշահավետ համագործակցության հեռանկարները։
Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։
Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումը:
Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Մարկոս Թեկլե Ռիկեն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Եթովպիայի արտաքին գործերի նախարարության միջև երկկողմ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը, Մնացականյանի խոսքով, նոր հեռանկարներ է բացում արտաքին քաղաքական երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման ուղղությամբ։