ԵԿՄ-ն իշխանության կցորդն է, պետք է լուծարվի․ Պավլիկ Մանուկյան

Երկրապահ կամավորականների միութան (ԵԿՄ) ղեկավարի պաշտոնը Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո թափուր է:

Երեկ ԵԿՄ վարչության փակ նիստում իշխանական Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ղեկավար, պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունն է առաջադրվել: Մինչդեռ անցած տարի հունիսին, երբ կալանավորվեց Մանվել Գրիգորյանը, Սասուն Միքայելյանը պնդում էր, թե երբեք չի լինի ԵԿՄ նախագահ: Սասուն Միքայելյանը համարում էր, որ այն պետք է լուծարվի եւ դառնա մի ակումբ:

Նախկինում այս կառույցի լուծարվելու մասին կարծիքների պակաս չի եղել: Ընդդիմադիրները համարում էին, որ այս կառույցը իշխանության կցորդն է: Նույնը շարունակում է պնդել ազատամարտիկ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը: Նրա խոսքով՝ անգամ ղեկավարի և իշխանության փոփոխության դեպքում այս կառույցի բուն առաքելությունը չի փոխվի:

«Այս կառույցը տակից եղել է հակազգային և այնպես էլ գնալու է: Այնպես որ, ի սկզբանե չեմ մասնակցել, չեմ անդամագրվել, չեմ ընդունել: Այդպես էլ շարունակվելու է, ոչ մի բան չի փոխվելու, մնալու է նույն կցորդը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը

Ինչ վերաբերում է այն հիմնավորմանը, թե պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ԵԿՄ-ն անհրաժեշտություն է, Պավլիկ Մանուկյանն ասաց․ - «Մենք ունենք Պաշտպանության նախարարություն, ունենք զինկոմիսարիատներ: Զինկոմիսարիատները պետք է յուրաքանչյուր ազատամարտիկի տեղն իմանան, նրա առողջական վիճակը, նյութականը․․․ ամեն ինչը պետք ա իմանա: Պետք ա մատակարարի պետության մոբիլիզացիան: Մենք երբեք չենք ունեցել այդպիսի ուռճացված թվեր՝ 30 հազար ազատամարտիկ: Պետք է ասեմ, որ լուրջ ազատամարտիկներ այդ կառույցում ամենևին էլ չեն եղել, չեն էլ լինելու»:

ԵԿՄ-ին անդամակցում են նաև պատանիներ: Պավլիկ Մանուկյանի խոսքով, երիտասարդ սերնդի դաստիարակությամբ ու կրթությամբ ԵԿՄ-ն չէ, որ պիտի զբաղվի․ - «Կրթության նախարարությունը պետք է զբաղվի սերնդադաստիարակությամբ: Քանի որ ո՛չ նա է տեղում և ո՛չ էլ նա, ով ինչքան մարդ կարողանում է հավաքում է, գնում է սահման․․․ դրա համար էլ չեն կարողանում տարբերելմեր քաջ նազարներին իսկական հերոսներից: Կրթության նախարարություն, Մշակույթի նախարարություն․․․ բոլորը իրենց տեղերում պետք է լինեն: Բայց քանի որ մեր շատ նախարարություններ արդեն ավելորդություն են մի տեսակ, այդ պարագայում արդեն դառնում է կամայականություն՝ ամեն մարդ իր շուրջը ինչ-որ բան է կառուցում: Ոչ թե ազգի շահերից ելնելով, ոչ թե պետության շահերից ելնելով, այլ երբեմն նաև սեփական կուսակցությունների կամ չգիտեմ․․․ վերարտադրման շահերից ելնելով»:

Երկրապահ կամավորական միության համագումարը տեղի կունենա ապրիլի 7-ին: Սասուն Միքայելյանը միակ թեկնածուն է: Նույն օրը կընտրվի միության նոր վարչությունն ու ղեկավարը: