Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանով Սամվել Կարապետյանի ազատումն Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ղարաբաղցի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը դիտարկում է Արցախում ռազմական էլիտայի սերնդափոխության շրջանակներում:
«Ես դիտարկում եմ հետապրիլյան՝ 2016 թվականի հետապրիլյան իրավիճակով։ Ապրիլից հետո պրոցես է սկսվել փոփոխությունների, որը մի քիչ նաև բարդ ընթացք է ունենում, որովհետև կան տարբեր հանգամանքներ մարդկանց վաստակի հետ կապված, մոտեցումների հետ կապված։ Բանակն այսօր արդիականացման լուրջ կարիք է զգում, և այդ արդիականացման լոկոմոտիվը պետք է լինի զինվորականների նոր սերունդը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խանումյանը։
Սամվել Կարապետյանի անունն Արցախում շրջանառվում էր ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ 2016 թվականի հունիսին կիրառված բռնության, ինչպես նաև 2015 թվականի հունվարին Բերձորի մոտ «Հիմնադիր խորհրդարան»-ի ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելու դեպքերի հետ կապված։
Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հանրության շրջանում առկա այս լուրերին իրավական գնահատական տալու անհրաժեշտություն է տեսնում:
«Այն ժամանակ, երբ Արցախում մենք կունենանք այլ որակի իշխանություն, իհարկե, պետք է լրջորեն հետաքննել Սամվել Կարապետյանի ենթադրյալ մասնակցությամբ բոլոր միջադեպերն՝ անհրաժեշտության դեպքում հարուցելով քրեական գործեր և ենթարկելով նրան պատասխանատվության», - ասաց Քանանյանը։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանն Արցախում սկսված փոփոխությունները նույնիսկ ուշացած է համարում է, ասում է՝ դեռ ապրիլյան պատերազմից հետո են բարձրաձայնել բարձրագույն հրամկազմի փոփոխության հարցը:
Անցած տարեվերջին Բակո Սահակյանի հրամանով պաշտոնից ազատվել էր նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ով նշանակվել էր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:
«Ջախջախիչ մեծամասնությունը դրանց կոռումպացվեցին, խրվեցին հանցագործությունների մեջ, «Մարտի 1»-ի հերոսներ դարձան, Բերձորի ջարդի «հերոսներ» դարձան, այնպես որ այդ փոփոխությունները պետք է շատ արագ կատարվեին, ոչ թե հեղափոխությունից հետո համարյա մեկ տարի անցներ նոր թավշյա տրամաբանությամբ... բանակը չի սիրում թավշյա մոտեցումներ, բանակում պետք է կտրուկ գործողություններ կատարել», - ասաց Ավետիսյանը։
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Ինքը՝ Կարապետյանն իր հրաժարականի մասին ասել է. - «Շուրջ երեք տասնամյակ Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ պաշտոնս և զորացրվում զինված ուժերի շարքերից»։
Հայտարարությունը Կարապետյանը եզրափակել է այսպես. - «Բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում»:
Նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը կշարունակի ղեկավարել Արցախի վետերանների միությունը: