Կինոգործիչների միությունում լիահույս են, որ Սինեմաթեք ստեղծելու ծրագիրն իրականություն կդառնա

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյան

Կինոգործիչների միությունը մի քանի ուշագրավ ծրագրեր է նախաձեռնել՝ նպաստելու ուսանող երիտասարդության, երիտասարդ կինոգործիչների մասնագիտական հմտությունների առավել զարգացմանն ու բացահայտմանը:

Միության նախագահ Հարություն Խաչատրյանի համոզմամբ, ավագ սերունդը ամեն ինչ պիտի անի նոր սերնդի միջոցով հայ կինոյի վաղվա օրը ապահովելու համար: Նրա խոսքով, խոսքով այս նպատակին է ծառայելու նաև ոչ միայն միությունում առաջիկայում ստեղծվելիք 2-3 նոր փոքր դահլիճները, որտեղ երիտասարդները կկարողանան մշտապես իրենց նկարահանած ֆիլմերը ցուցադրել և քննարկել իրենց ընկերների ու ավագների հետ, այլ նաև միությունում ստեղծվելիք Հայ կինոյի ազգային թանգարանը՝ Սինեմատեքը, որի պատշաճ գործունեությունն ապահովելու համար իր որոշակի ներդրումը պիտի անշուշտ ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը:

«Եկան և՛ քաղաքի գլխավոր ճարտարապետը՝ պարոն Մեսչյանը, և՛ նախարարի պատշոնակատար տիկին Ղարիբյանը, և՛ քաղաքային շինարարության կոմիտեի ղեկավարը և հիացած նախագծով: Արդեն մեկ տարուց ավելի աշխատում ենք նախագծի վրա, հաշվարկներն արդեն արված են: Շենքը մենք ենք տրամադրում, շենքը, որ արժի մոտավորապես երկու միլիոն դոլար: Սա առաջին լուրջ փորձն է Հայաստանում հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների՝ իրար հետ աշխատելու: Ամբողջ աշխարհում դրա վրա է հիմնված ամեն ինչ, բայց Հայաստանում ով ունի սեփական բան, միանգամից ծախում է կամ վարձով է տալիս, փող է աշխատում: Բայց մենք մտածեցինք, որ դա պետք է լինի հիմնավոր, լուրջ, մեզ բոլորիս օգնող, կինոյին օգնող մի լուրջ կենտրոն, որտեղ և՛ կրթությունը առաջ կգնա, և՛ ժառանգությունը կպահպանվի, և՛ տուրիզմը կզարգացնի, և՛ ինքնըստինքյան, սցենար գրել և կինո նկարել տեղում: Երազանքը սա է»:

Կինոմիության տարածքում մի մեծ հատված կինոթանգարանի վերածելը բավական լուրջ ֆինանսական խնդիրների հետ է կապված, բայց Խաչատրյանը հույս ունի, որ պետությունն այնուամենայնիվ իր լուրջ ներդրումը կունենա այս գործում․ - «Վախենում ենք, որ բավականին դժվարին ժամանակներ են, և ֆինանսապես դժվար կլինի օգնել մեզ: Բայց մենք բավականին մեծ ներդրում ենք անում․ երկու միլիոնի չափ մենք ենք ներդրում անելու, մեկ միլիոն դոլարի չհասնող ներդրում էլ պետությունը պետք է անի, որ կարողանանք ստեղծել այդ կենտրոնը: Հույս ունենք․․․ պարոն Փաշինյանը չի մերժել անցած տարի դեռևս, երբ նոր էր ընտրվել: Այդ տարի նույնպես դեռ չի մերժել, ասել է՝ գնացեք, ուսումնասիրեք և ինձ զեկուցեք, թե ինչ կարելի է անել: Եկողները հիացան ամեն ինչով: Կարծես թե հարյուրտոկոսանոց ցանկություն կա անելու»:

Հարություն Խաչատրյանը համոզված է, որ կինոյի ոլորտում մասնագիտական կրթություն ստացող ուսանող երիտասարդությունը ջանասիրության և նպատակասլացության դեպքում միշտ էլ կարող է իր տեղը գտնել նաև միջազգային ասպարեզում․ - «Հայկական կինոն և միջազգային կինոն ինձ համար նույն տեղն են: Հայկական կինոն այն է, որ Հայաստանում են ապրում, հայկական թեմայով, հայկական հարցերով, հայկական ժառանգությամբ զբաղվեն․․․ Եթե լավ ես անում, դու միանգամից դառնում ես միջազգային կինոյի օբյեկտ: Որովհետև միջազգային կինոն դա լավ նկարված հայկական կինոն է, որը ամբողջ աշխարհը ընդունում է և գնահատում: Հայկական կինոյում շատ մեծ ֆիլմեր կան և շատ մեծ ռեժիսորներ և՛ դոկումենտալ կինոյում, և՛ խաղարկային կինոյում: Դժբախտաբար քիչ ենք նկարել, որովհետև սակավաթիվ ազգ ենք եղել և մեր բյուջեն Սովետական Միության կողմից քիչ է տրվել ժամանակին: Բայց եթե նայում ենք, թե ովքեր են մեծամեծները աշխարհի, որոնք տասը լավագույնների մեջ են մտնում, տասից երկուսը Հայաստանից են, հայ ռեժիսորներ են: Աշխարհի ամենամեծագույն ամերիկյան համր կինոյին հավասար համր կինո ունենք, մուլտիպլիկացիա, որը վատը չի, դոկումենտալ կինոն, որը շատ բարձր մակարդակի է համարվում: Խաղարկային կինոն, դժբախտաբար, փողի պակասությամբ մեկ-երկուսը լինում են մի քանի տարվա մեջ: Բայց որպեսզի շատանան ֆիլմերը, պետք է ֆինանսավորումը շատ մեծ լինի: Աշխարհում շատ փող կա կինոյի համար: Եվ շուտով, եթե մենք նաև ընդունենք «Կինոյի մասին» օրենքը, որով նաև զբաղվում է կինոմիությունը, մենք արդեն կարող են Եվրոպայի մեդիա դաշտի մեջ մտնենք, որտեղ բավականին մեծ ֆինանսավորում են տալիս ֆիլմերին»: