Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը փոփոխությունները պետք է նախապատրաստի մինչև առաջիկա մեծ համաժողովը:
Աշխատանքային խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշում է, որ վերջին տարվա ընթացքում տասը հազարից ավելի անդամակցության հայտեր են ստացել, որոնք դեռ չեն քննարկվել, քանի որ նախորդ կանոնակարգը ենթադրում էր անդամակցության ավելի բարդ ընթացակարգ։ Բացառությամբ արտահերթ կարգով քննարկված՝ քաղաքական թիմի հետ պաշտոններ ստանձնած շուրջ 300 անձանց դիմումների, մյուսներին անդրադառնալու ժամանակ վարչությունը պարզապես չի ունեցել:
«Այսինքն հասկանան՝ մարդն ինչո՞ւ է որոշել «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցի, արդյո՞ք ինքը տեղյակ է գաղափարախոսությունից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ծանո՞թ է ծրագրին, թե՞ ինքը մտածել է՝ «քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը վարչապետն է, ուրեմն ես գնամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն», - նշեց Վահագն Հովհաննիսյանը։
Համաժողովին նախատեսվում է նաև վարչության նոր կազմի ընտրություն: Ընթացակարգը՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, մնում է անփոփոխ, քննարկելի է վարչության անդամների թվի փոփոխության հարցը: 2016 թվականի հոկտեմբերին 2 տարի ժամկետով ընտրված վարչությունը կազմված է 13 անդամից, նախագահը Սասուն Միքայելյանն է:
Հարցին, թե ովքե՞ր են հավակնում դառնալ արդեն իշխող կուսակցության վարչության անդամներ, Վահագն Հովակիմյանը արձագանքում է․ - «Համաժողովի ցանկացած պատվիրակ պոտենցիալ վարչության անդամի թեկնածու է և կարող է նաև ընտրվել»։
Վերջին օրերին մամուլը ավելի հաճախ է գրում իշխող կուսակցության ներսում տարբեր ճամբարների ձևավորման մասին:
Կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ վարչության անդամների ընտրությունը կլինի առողջ մրցակցության արդյունքում միայն․ - «Միշտ էլ իշխող կուսակցության մասին ինչ-որ մտքեր ունենում են..... փորձում են դավադրություններ փնտրել։ Միանշանակ է պատասխանս՝ մեր կուսակցությունը առավել քան կուռ է, ամուր է։ Իհարկե, քննարկումներ միշտ էլ բոլոր քաղաքական ուժերի ներսում էլ կարող են լինել, բայց մենք չունենք տարաձայնություններ ու պիտի հիասթափեցնեմ հակառակը սպասողներին»։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նկատում է, որ այսօր իշխող կուսակցության ներսում որևէ այլ գործչի հեղինակություն համադրելի չէ Փաշինյանի հեղինակության հետ: Ավելին, նրա կարծիքով, արդեն ժամանակն է որպեսզի «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ձևավորվեն ընդգծված այլ հեղինակություններ, ովքեր պատասխանատվության իրենց բաժինը կստանձնեն:
«Այսօրվա իշխանությունը քաղաքական մարմին է, ես գիտեմ էդ խոսակցությունները որտեղից են գալից, արմատները որտեղից են: Քանի որ դրսում ընդդիմություն չկա, ըստ երևույթին, ընդդիմությունը կձևավորվի հենց իշխանության ներսից․ էդպիսի տեսակետ էլ կա։ Կարծում եմ, սխալ տեսակետ է, որովհետև ամեն դեպքում ընդդիմությունը ձևավորվելու է իշխանական համակարգից դուրս, և մենք դրա նախանշանները տեսնում ենք։ Այն հարվածը, որ ստացավ ՀՀԿ-ն, կարծես թե կամաց-կամաց ուշքի է գալիս այդ հարվածից, քաղաքական մյուս ուժերը փորձում են համախմբվել, վերանայել իրենց դիրքորոշումները», - ընդգծեց Բաղդասարյանը։
«Էնպես չի, որ «Իմ քայլը» դաշինքը, միայնակ մնալով քաղաքական դաշտում, ինքը իր համար ընդդիմություն է ստեղծելու: Ոչ, էդ դաշտը կա, ընդդիմությունը ձևավորվում է և դա ստիպելու է իշխանություններին ոչ թե պառակտվել, այլ հակառակը՝ ավելի համախմբվել, որովհետև դրսից ստացվող վտանգները գնալով մեծանալու են այլ քաղաքական ուժերի կողմից», - նշեց քաղաքագետը։
2016 թվականին Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրություններին կրած պարտությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշեց փոխել վարչության կազմը: Վարչության նախագահի պաշտոնում էլ Արայիկ Հարությունյանին փոխարինեց Սասուն Միքայելյանը: Այլ բան է լինել 7-տոկոսանոց ընդդիմություն ներկայացնող կուսակցություն, այլ բան է՝ իշխող մեծամասնության, հետևաբար, ըստ քաղաքագետի, կուսակցության ներսում ավելի պատասխանատու պետք է վերաբերվեն վարչության նախագահի ընտրության հարցին։
«Ես չէի ցանկանան գուշակություններ անել, կցանկանայի ուղղակի հույս հայտնել, որ իշխող կուսակցության ղեկավար կազմը ավելի կհամապատասխանի այն արժեքային համակարգին, որը հռչակել է հեղափոխությունը և հռչակել է այդ ուժը», - ընդգծեց Բաղդասարյանը։
Կուսակցության անդամները խոստանում են՝ ընտրությունը և կուսակցության ներսում այսպես կոչված քարոզարշավը կլինի թափանցիկ:
Հիշեցնենք՝ 2016-ին վարչության անդամի շատ թեկնածուներ հրապարակեցին իրենց ելույթները ու բաց տեքստով խոսեցին կուսակցության ներսում առկա խնդիրների մասին։
Այսպիսով, թափանցիկություն կուսակցության անդամները խոստանում են նաև նոր վարչության կազմավորման ընթացքում: