Կաշառք տվողը և վերցնողը, մեղքի ապացուցման դեպքում, պետք է կրեն մաքսիմալ խիստ պատիժ. Արսեն Թորոսյան

Կաշառք տվողը և վերցնողը մեղքի ապացուցման դեպքում պետք է կրեն մաքսիմալ խիստ պատիժ, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ազատություն». - Պարոն նախարար, օգտատերից մեկն ասում է՝ «Ձեր տեղակալին ԱԱԾ-ն ձերբակալեց՝ կաշառքի գործով։ Դուք բազմիցս բացակայել եք երկրից և ինձ մոտ հարց է առաջացել՝ տեղակալի մոտ սա առաջին անգամն էր արդյո՞ք և վերանայե՞լ եք նախկին որոշումները, որ նա ընդունել է, կասկածներ կա՞ն։

Թորոսյան. - Իրականում նա միանձնյա որոշումներ չի ընդունել, իսկ բազմիցս բացակայելը կապ չունի թեմայի հետ։

«Ազատություն». - Հնարավո՞ր է, որ Դուք բացակայած լինեք ու էլի այսպիսի հանդիպումներ եղած լինեն և Դուք տեղյակ չլինեք։

Թորոսյան. - Չեմ ուզում նորից ասեմ, որ վստահ եմ Ռազմիկն է Աբրահամյան, թե՞՝ ոչ, բայց ես քանի անգամ հանդիպել եմ ու վստահ եմ, որ բազմաթիվ իմ այլ աշխատակիցներ էլ հանդիպել ու հանդիպում են այլ հիվանդանոցների տնօրենների հետ բազմաթիվ հարցերով, ու դա չի նշանակում, որ էդ հանդիպումների ժամանակ ինչ-որ անդրկուլիսային խոսակցություններ են տեղի ունենում։

«Ազատություն». - Ըստ ԱԱԾ-ի, հաշվի առնելով կաշառք տվողի տարիքն ու առողջական վիճակը խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, Ձեր կարծիքով արդարությունն ինչպիսի՞ն պետք է լինի։

Թորոսյան. - Ես կարծում եմ, որ տվողը և վերցնողը, մեղքի ապացուցման դեպքում, պետք է կրեն մաքսիմալ խիստ պատիժ, իհարկե չեմ ուզում մտնել քրեադատավարական նյուանսների մեջ՝ մեղմացուցիչ հանգամանք, տարիք, տարած հիվանդություններ և այլն, բայց վստահ եմ, որ ոչ մի տարբերություն չպետք է դրվի թե՛ տվողի, թե՛ վերցնողի միջև։

«Ազատություն». - Օգտատերը հարցնում է՝ նախկինում նրա կողմից առանձնահատուկ շահագրգռվածություն չի՞ եղել որոշ հարցերում, օրինակ «Աստղիկ» ԲԿ-ին ֆինանսական միջոցներ տալու հարցում։

Թորոսյան. - Վարքագիծ տարօրինակ նկատե՞լ եմ, թե՞՝ չէ՝ ինչ-որ մեկին պաշտպանող, չեմ նկատել, և հարցի շարունակությունը՝ ինչպես նշեցի պետական պատվերների բաշխման ժամանակ սեփականության ձևը հաշվի չենք առնում՝ սեփական է, թե՝ պետական, հատուկ շեշտում եմ ու ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ ոչ մի կապ չունի հիվանդանոցը պետական է, թե սեփական, մենք հիվանդանոց չենք պահում, մարդկանց թվում է, որ մենք հիվանդանոցի գոյությունն ենք պաշտպանում։ Ես՝ պարզապես բացատրելով առողջապահական ֆինանսավորման սկզբունքները Հայաստանում, նորից ասում եմ, որ Հայաստանում առողջապահությունը ֆինանսավորում է ոչ թե ըստ պահպանման ծախսերի, այլ ծառայությունների գնման մեխանիզմով։

Նշենք, որ կաշառք ստանալու կասկածանքով Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ