Այժմ հարաբերական խաղաղ պայմաններ են, գնում է բանակցությունների խաղաղ գործընթաց, այս խաղաղությունը պետք է օգտագործել Հայաստանի և Արցախի զինական ուժն ավելացնելու, ամրապնդելու, խնդիրները լուծելու համար, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ րագրողների հետ ճեպազրույցում, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանը նշեց՝ կհարձակվեն այն ժամանակ, երբ կպարտադրեն հարձակվել։
«Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ որ հակառակորդի կողմից կհայտնվենք կրակի տակ։ Դրա համար բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտական խնդիր լուծելու», - ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
«Ազատության» հարցին, թե գործող իշխանությունները դիտարկո՞ւմ են ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննություն սկսելու և մեղավորներին պատժելու գործընթաց, Քոչարյանը պատասխանեց. - «Ես հիմք եմ ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածն այն մասին, որ վարչապետը կարդացել է բազմաթիվ փաստաթղթեր ապրիլյան պատերազմի վերաբերյալ հատկապես հետախուզության կողմից տրամադրված, և այստեղ իսկապես անելիք կա, որպեսզի հասկանանք, թե ապրիլին տեղի ունեցածին մենք ինչքանով էինք պատրաստ, եթե պատրաստ չէինք, եթե կան մեղավորներ, մենք դրանից դասեր պետք է քաղենք, պատասխանատվության պետք է ենթարկվեն, բայց եթե հիշում եք որոշ պաշտոնյաներ ազատվեցին պաշտոններից, բայց այստեղ ապրիլը միայն պաշտոնից ազատել կամ նշանակելու խնդիր չէ, նախ մեզ համար պետք հասկանանք, թե որտե՞ղ ենք մենք թերացել և դա միայն մեր ներքին խնդիրը կարող է չլինի, պետք է մենք հասկանանք, թե այդպիսի հնարավորություն հակառակորդը ո՞նց ունեցավ, որովհետև այդտեղ արտաքին քաղաքական գործոնը եթե կա, տեսանելի պետք է լինի մեզ համար, որպեսզի հետագա բանակցային գործընթացում մենք ճիշտ հասկանանք և տեսնենք, թե ինչպիսի շեշտադրումներով մենք պետք է նստենք բանակցային սեղանին»։