Վարչապետն այցելել է «Եռաբլուր», հարգանքի տուրք մատուցել 2016-ի ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016-ի ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ապրիլյան պատերազմում իրենց կյանքը զոհած հերոսների շիրիմներին, մոտեցել նրանց հարազատներին և զորակցության խոսքեր ասել:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

«Եռաբլուր»-ում մատուցվել է հոգեհանգստի կարգ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ հետևություններ են արվել ապրիլյան պատերազմից 3 տարի անց, նշել է. - «Ես ասել եմ նախկինում, և այսօր էլ այդ խնդիրն իմ օրակարգում է և կառավարության օրակարգում է՝ մենք պետք է խորությամբ և լրջությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և հետևություններ անենք»:

Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպմանը և սահմանային իրավիճակին վերաբերող հարցադրման առնչությամբ երկրի վարչապետն ասել է. - «Բանակցային գործընթացը, խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»։