Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ նոր փաստաթուղթ չի մշակվում. Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցի ժամանակ, Երևան, 1-ը ապրիլի, 2019թ․

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ նոր փաստաթուղթ չի մշակվում», - այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ «Ազատության» հարցին ի պատասխան, վստահեցրեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դժվարանալով ասել, թե արդյո՞ք Փաշինյան-Ալիև Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պարզաբանվել են խնդրի կարգավորման երեք սկզբունքներն ու վեց տարրերը, ինչի մասին նաև Ստեփանակերտում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նկատենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ այս սկզբունքների մասին որևէ հիշատակում չէին արել:

«Պետք է հաշվի առնել, որ տարիներ շարունակ եղել են տարբեր մեկնաբանություններ, և պետք չէ և տրամաբանական չէ ակնկալել, որ մի հանդիպման արդյունքում այդ մեկնաբանությունները հստակեցվելու են։ Սա շարունակական գործընթաց է, բայց շատ կարևոր է, որ այս գործընթացը սկսվել է», - ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ այդ հարցերը քննարկվել են, այդ պարզաբանումները կատարվե՞լ են, թե՞ ոչ՝ երեք սկզբունքների և վեց տարրերի։

Ռուբինյան. - Ես կարծում եմ, որ այդ հարցը մենք պետք է տանք վարչապետին, երբ որ առիթ լինի հանդիպելու։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում բանակցություններից հետո Իլհամ Ալիևի հայտարարությունը, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կարճ արձագանքեց՝ «նորմալ»։

Մինչդեռ, նշենք, Ադրբեջանի նախագահն ասել էր, թե «կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ մնաց. բանակցությունները վարում են Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես և երկար տարիներ շարունակ»։ Ալիևը նաև ասել էր, թե Վիեննայում Փաշինյանի հետ կայացած բանակցությունները նոր լիցք են հաղորդել բանակցային գործընթացին:

Իվետա Տոնոյան, արխիվ

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համոզմամբ, Փաշինյան-Ալիև պաշտոնական բանակցություններում բեկում չարձանագրվեց: Սակայն, խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, մտահոգիչ է, որ պաշտոնական հաղորդագրություններում Ղարաբաղի մասնակցության մասին որևէ դիտարկում չկա, մտահոգիչ է նաև այդ կապակցությամբ Ալիևի հայտարարությունը, թե «բանակցությունների ձևաչափն անփոփոխ մնաց»։

«Իհարկե մտահոգիչ է այդ հանգամանքը, և ակնկալիքն այնպիսին էր, որ պետք է բանակցությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավվելու վերաբերյալ հնչեին տեսակետներ, սակայն տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ առնվազն պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասով որևէ դիտարկում չկա», - ասաց Տոնոյանը։

Էդմոն Մարուքյան, արխիվ

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Փաշինյան-Ալիև տեղի ունեցած հանդիպմանը, շեշտում է՝ տեղեկություն չկա՝ հայկական կողմի օրակարգն այդ բանակցություններում ի՞նչ եղավ, արդյո՞ք քննարկվեց խնդրի կարգավորման շուրջ երեք սկզբունքների և վեց տարրերի մեկնաբանության հարցը, ինչի մասին խոսել էր Նիկոլ Փաշինյանը։

«Ես տեղեկություն չունեմ, որ հիմա հին փաստաթղթի վրա են բանակցում, որ ասեմ՝ պետք է նոր փաստաթուղթ։ Ես գիտեմ, որ չկա փաստաթուղթ, այսինքն՝ կա նախապատմություն բանակցությունների, բայց ես տեղեկություն չունեմ, օրինակ, հին՝ վերջին պատրաստված փաստաթուղթը հիմա հրամցվո՞ւմ է կողմերին, թե՞՝ ոչ։ Այն, որ կարելի է գնալ նոր սկզբունքների և նոր տարրերի ձևակերպման կամ նոր մեկնաբանությունների արձանագրման, միանշանակ կարելի է և արժե այդպես անել, և կարծում եմ, որ այդ ճանապարհով էլ մեր կողմը գնում է։ Բայց մի բան պետք չէ մոռանալ, որ այդ սկզբունքները հիմնված են Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, ակտը չի փոխվում, միջազգային իրավունքը չի փոխվում, և այս առումով մեկնաբանությունների հարց է, և ինչպես որ դուք տեսնում եք, աշխարհը զարգանում է, և տարբեր սկզբունքներ տարբեր ձևերով և տարբեր ժամանակաշրջաններում մեկնաբանվում է, բնականաբար, ուժի համատեքստում՝ ուժեղ է՝ մեկնաբանում է իրեն ի շահ և իր խնդիրներն այդ ձևով լուծում է, պրոցեսն, ըստ էության, նորացվում է և չի կարող չնորացվել, որովհետև ընդհանրապես նոր մոտեցումներ են բերվելու և նոր մոտեցումներ են բերվում Հայաստանում, և այս առումով դա չի կարող իր ազդեցությունը չունենալ բանակցությունների վրա», - ասաց Մարուքյանը։

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, թե երկու երկրների ղեկավարները պարտավորվել են ոչ միայն ամրապնդել հրադադարի ռեժիմը և բարելավել ուղիղ հաղորդակցություն հաստատելու մեխանիզմները, այլև համաձայնել են մի շարք քայլեր մշակել հումանիտար ոլորտում:

«Ազատության» հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են արվելու երկու երկրների միջև, Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող ուժի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասաց, թե հստակություն այս պահին չկա, այդ քայլերը պետք է առաջիկայում մշակվեն։

Մինչդեռ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ քանի դեռ չկա երկարատև խաղաղություն, հումանիտար ոլորտում ինչ-որ աշխատանքներ տանել, հասարակություններին հաշտեցնել հնարավոր չի լինելու:

«Եթե մի տարի չլինի որևէ կրակոց, չլինի որևէ զոհ շփման գծում, հասարակություններն էլ ավելի հեշտ կլինեն պատրաստ որևէ բան խոսելու կոնֆլիկտի լուծման վերաբերյալ։ Երբ որ կան թարմ հետքեր, օրինակ՝ ապրիլյան պատերազմ, որովհետև, պատկերացնո՞ւմ եք՝ մարդկանց գլուխներ են կրել, ինչ-որ մարդիկ հավաքվում են, խոսում են խաղաղության մասին, մեր ժողովուրդը կհասկանա՞ էդ մարդկանց։ Սկսում են չհասկանալ», - նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

«Ազատություն». - Այսինքն, այսօր Դուք հնարավոր չե՞ք համարում այդօրինակ աշխատանքները հումանիտար ոլորտում։

Մարուքյան. - Ես հնարավոր համարում եմ, եթե երկարատև խաղաղություն լինի շփման գծում։