Բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը քննարկվել է. Փաշինյան

Վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք դուրս են համատեղ հայտարարությունների շրջանակներից, այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Վիեննայի բանակցություններին: Բանակցություններից հետո Իլհամ Ալիևը ասել էր՝ կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ մնաց. բանակցությունները վարում են Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես և երկար տարիներ շարունակ:

«Համաձայնեք, որ սա շատ լուրջ խնդիր է առաջացնում և ընդհանրապես հարցի տակ է դնում պրոցեսի ողջ լրջությունը», - նշեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի բանկցություններն արդյունավետ դարձնելու համար պետք է մոռանալ հին և կրկնվող տեքստերը, որոնք ցույց են տվել իրենց անարդյունավետությունը և նոր բանակցային գոծընթացում պետք է նոր մոտեցումներով առաջնորդվել։ Վարչապետը վերահաստատեց՝ Վիեննա են գնացել Ստեփանակերտում հայտարարած օրակարգով և Ղարաբաղի բանակցային սեղան վերադառմալու հարցը քննարկվել է: «Այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում, և շատ կարևոր է ընդգծել, որ ես ասել էի նաև և հիմա էլ ասում եմ, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ և ակնկալիք չէ, ոչ էլ քմահաճույք, ոչ էլ նախապայման։ Սա ընդամենը բանակցային գործընթացը արդյունավետ դարձնելու խնդիր է։ Հիմա, օրինակ, երբ որ ադրբեջանական կողմը ասում է, որ կարևորն էն է, որ բանակցությունների ֆորմատը մնացել է անփոփոխ, այսինքն նրանք դրանով ուզում են ասեն, որ այս բանակցություններում, այս քննարկումներից իրենք հաղթող են դուրս եկել։ Վիեննայում արդյո՞ք քննարկվել է Ղարաբաղի մասնակցության հարցը, իհարկե քննարկվել է, արդյո՞ք մենք լրջորեն փաստարկել ենք այդ տեսակետը, իհարկե լրջորեն փաստարկել ենք, արդյո՞ք այս հարցի վերաբերյալ կողմերը եկել են համաձայնության, իհարկե չեն եկել համաձայնության, արդյո՞ք սա նշանակում է, որ այդ հարցը քննարկումներից դուրս եկավ, իհարկե՝ ոչ, դա նշանակում է, որ այդ թեմայի շուրջ մենք քննարկումները պետք է շարունակենք, և սա շատ կարևոր է ընդհանրապես բանակցությունները արդյունավետ դարձնելու համար», - շեշտեց Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Ղարաբաղի մասնակցության հարցն օրակարգ բերելով իրենք ֆորմատի փոփոխության հարց չեն դրել․ նա հիշեցնում է, որ մինչև 1998 թվականը Ղարաբաղը ներկայացված է եղել բանակցային գործընթացում, իսկ 1998-ից հետո էլ Հայաստանը ներկայացրել են մարդիկ, ովքեր եղել են Ղարաբաղի լիդերներ։

«Այն փաստի բերումով, որ ես ծնունդով ղարաբաղցի չեմ և Ղարաբաղի լիդերներից մեկը չեմ եղել իմ կենսագրության որևէ փուլում, ասվում է, որ ահա նոր հիմա Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից», - նշեց կառավարության ղեկավարը։

Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ինքը որպես գործընթացում ներգրավված նոր մարդ պետք է բացատրություններ ստանա, վարչապետը հաստատեց՝ հանդիպմանը անդրադարձ է եղել նաև այդ հարցին։

«Արդյո՞ք այս փուլում կարող ենք ասել, որ այդ պարզաբանումները ստացված են և մենք մեր հարցերի պատասխանները ստացել ենք, ոչ, որովհետև դրանք շատ ծավալուն հարցեր են և մի քննարկման ընթացքում, դժբախտաբար, հնարավոր չէր այդ հարցերի պատասխանները ստանալ։ Հիմա ի՞նչ է դա նշանակում՝ դա նշանակում է, որ հետագայում պետք է նաև քննարկվի, և մենք այս հարցերի քննարկումը ինչ-որ տեղ և ուղիղ տեքստով պատվիրակել ենք նաև մեր արտաքին գործերի նախարարներին քննարկումների համար և, իհարկե, համանախագահների հետ պետք է շարունակենք այս թեմայով քննարկումները», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, վերջիններս քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները: