Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը և Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում կայացած՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքները:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Վիեննայի հանդիպման արդյունքների մասին և «շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին բանակցային գործընթացում միջնորդական ծանրակշիռ դերի համար»: Պուտինը «վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցություն ցուցաբերել կարգավորման առանցքային ասպեկտներով հանգուցալուծումների որոնմանը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և դրա շրջանակում քննարկվելիք հարցերը: Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առևտրի ծավալների ընդլայնման համար:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: