Համահայկական թելադրությանը 2 հազար մարդ է մասնակցել

Համահայկական թելադրության մեկնարկը նշանակված էր ուղիղ ժամը 13-ին։ Նույն տեքստը միաժամանակ թելադրվեց 55 հարթակներում՝ Երևանում, մարզերում, Արցախում և այլ երկրների հայկական համայնքներում։ Նախաձեռնության հեղինակ, «Բաց կրթություն» ՀԿ ղեկավար Հայկ Դավեյանն ասում է՝ ուզում ենք գրագետ հայերենի վրա ուշադրություն սևեռել։

«Հայաստանում լեզվի որակի խնդիր կա, այսինքն՝ գրագետ գրելու և գրագետ խոսելու խնդիր։ Սփյուռքում ավելի մեծ է պահպանման խնդիրը, և իրոք կա էդ խնդիրը», - նշեց Դավեյանը։

Թելադրության, այսպես ասած, կենտրոնակայանից՝ Թումանյանի թանգարանից տեսակապով Պրահային էլ միացան։

Թանգարանում տեքստը թելադրեց հենց հեղինակը՝ մանկագիր ու լեզվի տեսչության աշխատակից Երազիկ Գրիգորյանը։ Տեքստը՝ «Լեռան գագաթի խորհուրդը» վերնագրով, ունի 280 բառ, հեքիաթ էսսե է։

«Թեման ազատ ինձ թույլ են տվել ընտրել, բայց ես նաև նկատի եմ ունեցել Թումանյանի 150-ամյակը», - ասաց Գրիգորյանը։

Ստուգվողների շարքերում ամենաինքնավստահը փոքրերն են։

20 տարվա դասվար Լարիսա Ասրյանը թելադրություն գրելու էր եկել՝ իր աշակերտների դրության մեջ մտնելու համար. «Ուզում եմ տեսնել՝ հոգեբանորեն, երբ որ գրվում է թելադրությունը, երեխան ինչպե՞ս է իրեն զգում։ Հիմա ես ինձ աշակերտի տեղ եմ դրել և ուզում եմ գրել»։

Թելադրության բոլոր հարթակներում թելադրողները տարբեր դեմքեր են։ Լոռվա մարզի Ամրակից համայնք էր ուղևորվել կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ես քարտեզով նայեցի և որոշեցի լինել ամենահեռավոր որևէ մի համայնքում, որտեղ պատրաստակամություն և ցանկություն են հայտնել անպայման մասնակցել այս միջոցառմանը», - ասաց Հարությունյանը։

Հետաքրքրվեց՝ համայնքի ղեկավարը չկա՞ թելադրություն գրողների մեջ՝ չկար։ Նախարարը Երևանից հասել էր, բայց թելադրության տեքստը Վանաձորից մի քիչ ուշացավ։ Նախարար Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կարճեց ժամանակը և մասնակիցների հետ հարցազրույցներ արեց։

Ստուգվելու եկած ուսուցիչներից Գայանե Մաթևոսյանը կիսվում է իրեն չարչարող, կրկնվող սխալներով. «Երբ որ տասը թվականը գրում են տաս»։

Տեքստը տեղ հասավ, թելադրությունը մեկնարկեց։ Հարթակներից մեկում արձակագիր Արմեն Օհանյանն էր թելադրում։ Նա ամենաբարի թելադրողն էր, հնչերանգով ամեն կերպ աջակցում էր։

Տեքստը բոլորովին էլ բարդ չէր, լավ է, ասաց Արմեն Օհանյանը, 5 ստացող, ոգևորվողները շատ կլինեն։ Այս նախաձեռնությանն առաջարկում է շատ մեծ գաղափարներ չվերագրել, միավորող, ուրախ ակցիա է։ Արձակագիրը վստահ է՝ երկրում պետական լեզուն հայերենն է, հայերենին ոչինչ չի սպառնում, բայց, ասում է, լեզվի իմացության մակարդակն է շատ ցածր։

«Սպառնալիքը գրագիտության մեջ է, դա էլ արդեն կրթական համակարգի առջև մարտահրավեր է և ոչ թե, այսպես ասած, ժողովրդի», - նշեց Օհանյանը։

Այս տարի թելադրության նախագծին 2 հազար մարդ է մասնակցել՝ տարիքային տարբեր խմբերի, արդյունքները մի քանի օրից պարզ կդառնան։

«Մարդիկ, ովքեր սխալ չեն արել աշխատանքում, իրենք փոքրիկ խրախուսական նվերներ կստանան, գնահատականներ չենք դնում», - ընդգծեց Դավեյանը։

Եկող տարի ընդգրկվածությունը կմեծացնեն՝ տարբեր համայքններից արդեն ահազանգեր են ստացել՝ «ինչո՞ւ մեզ մոտ ոչ ոք չի թելադրում»։