Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հեռախոսազրույց են ունեցել:
Զրուցակիցները քննարկել են Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները: Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ նրանք անդրադարձել են նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման հետ կապված հարցերին:
Հիշեցնենք, որ երեկ Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում նախ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Հետո երկու երկրների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակեցին առանձնազրույցի ձևաչափով:
Այնուհետև քննարկմանը նորից միացան համանախագահները և արտգործնախարարները։ Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևեց շուրջ 3 ժամ: