Լոռու մարզպետը կաթի գնի մասին ֆերմերների անհանգստությունները լսելուց հետո կաթ վերամշակողների հետ է հանդիպել

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան, արխիվ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կաթի էժան գնի մասին ֆերմերների անհանգստությունները լսելուց հետո կաթ վերամշակողներին էր կանչել հանդիպման՝ ինչո՞ւ անասնատերերի և պանրագործների ջրերը մի առվով չեն գնում: Մեկը դժգոհում է կաթի մթերման էժան գնից, մյուսը՝ դրա ցածր որակից ու պանրի իրացման դժվարություններից:

Մարզի ամենախոշոր կաթ մթերող ընկերությունների ներկայացուցիչները համոզված են՝ եթե ամռանը կաթն ավելանա, 120 դրամ գինն էլ կնվազի։ Ավելի թանկ ձեռք բերելու դեպքում իրենց պանիրն էլ տակառներում է մնում։ Ահազանգում են՝ անհաջողությունների փորձ ունեն. մեծաքանակ պանիր են փչացրել, մեծ վնասներ կրել։

«Պետությունը պետք է մի բան ձեռնարկի թե՛ կաթ արտադրողին և թե՛ մթերողին օգնելու համար», - միաբերան ասում են վերամշակողները։

Հիշեցին՝ տարիներ առաջ կառավարությունում հանդիպումների են մասնակցել, խոստումներ լսել, թե միջազգային ներդրումների հաշվին ընկերություն են ստեղծել՝ կզբաղվի արտադրած պանրի արտահանմամբ։

«Դա ոնց որ թղթի վրա մնաց», - նշեց վերամշակողներից մեկը։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց՝ մշակաբույսեր արտադրողների և վերամշակողների միջև միջնորդ է դարձել։ Արդեն պայմանագրեր են կնքել։ Պատրաստ է այս ոլորտում ևս ձեռքերը ծալած չնստել։

«Հիմա դուք ունեք արտահանման խնդիրներ, եթե ես, ընկերություններ կան, որոնք զբաղվում են դրանով, իրանց հետ կապը ստեղծեմ, հնարավո՞ր է ուզենաք դրանով զբաղվել», - հարցրեց Անդրեյ Ղուկասյանը։

«Եթե պայմանները ձեռ տա, ինչի չէ», - պատասխանեց վերամշակողներից մեկը։

Ոգևորվում, բայց մյուս կողմից խոստովանում են՝ ոչ լիարժեք մեքենայացված արտադրության պայմաններում չեն կարող ապահովել արտահանման համար անհրաժեշտ պայմանները։ Իրենց արտադրության մեջ՝ անգամ աղիքային ցուպիկը չեն բացառում։

«Ձեռնոցներով, ինչ ձևի ուզում ես աշխատանքը կատարես՝ հնարավոր է, որ պանրի մեջ աղիքային ցուպիկ հայտնաբերվի։ Սահմանի վրա, մեր պանիրները տանելուց, էդ հայտնաբերելու են ու, խոսքի, հինգ տոննա հետ եկավ՝ բանկրոտի ենթարկվեցինք։ Աղիքային ցուպիկը որպեսզի չլինի, մենք ամենաքիչը, էս ձեռնարկատերերս, ամենքս մի միլիոն դոլար պետք է ունենանք, նոր ցեխ պիտի դնենք, էդ դեպքում է հնարավոր, որ մենք բոլոր պահանջները կատարենք», - ասաց վերամշակողը։

Ձեռնարկատերերի բարձրացրած, ըստ իրենց, անհաղթահարելի խնդիրներից մեկն էլ Հայաստան ներկրվող մեծածավալ կաթի փոշին է։

Ասում են՝ խոշոր գործարաններում դրանից ստացված էժան կաթնամթերքի կողքին իրենց անարատ արտադրանքն անմրցունակ է. «Երևանում ցեխեր են արդեն բացվել, որոնք որ կաթի փոշով, յուղով խառնուրդ են անում, պանիր են սարքում, խանութները բաժանում։ Գնում ես Երևանի էն խանութները, որոնց որ միշտ մենք տվել ենք, էդ մարդիկ մեր պանիրը չեն ուզում։ Գիտե՞ք ինչի չեն ուզում՝ 1000 դրամով նրանցից պանիր են գնում»։

Մարզպետը հորդորեց ձեռնարկատերերին բարեխիղճ լինել, որոշակի զիջումների գնալ գյուղացու արտադրած կաթի գնի հարցում, մինչ կառավարությունը ելքեր կգտնի անասնապահությունը շահութաբեր դարձնելու ուղղությամբ։