Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվեց

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ավարտվեց:

Նշենք, որ այսօր Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում նախ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Հետո երկու երկրների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակեցին առանձնազրույցի ձևաչափով:

Այնուհետև քննարկմանը նորից միացան համանախագահները և արտգործնախարարները։ Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևեց շուրջ 3 ժամ:

Հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները արդյունավետ գնահատեցին բանակցությունները:

«Դրական ենք գնահատում [հանդիպումը]: Երկար, հագեցած և հետաքրքիր խոսակցություն էր, որը հնարավորություն տվեց հստակեցնել առաջնորդների դիրքորոշումը, մենք հույս ունենք, որ առաջիկայում նոր հանդիպում տեղի կունենա»,- ասաց ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին՝ առանց հստակեցնելու Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպման ժամկետը: