Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նիստն անցավ փակ դռների ետևում․ տուժողի փաստաբանն էր միջնորդել:
Փաստաբանի խոսքով՝ ուսումնասիրվում էին տուժող Վյաչեսլավ Հարությունովի, նրա կնոջ ու որդու հեռախոսային և հեռախոսի միջոցով արված դեմ առ դեմ խոսակցությունների գաղտնալսումները: Փաստաբանը պնդել էր՝ հայհոյանքներ ու անձնական տվյալների մասին տեղեկություններ կան դրանցում:
Տուժող Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ մեղադրվող Էդուարդ Բաբայանն ասաց՝ ձայնագրություններում իր անունը մեկ անգամ է շոշափվել:
«Լավ էլ չի լսվում, ասում է՝ «Էդոն Ծառուկյանի հետ ընդեղ է էղել», տենց ինչ-որ բան է ասում», - ասաց Բաբայանը։
«Ազատության» հարցին՝ պնդո՞ւմ է, որ երբևէ մարդ չի ծեծել, ոչ էլ հրահանգել, Բաբայանը պատասխանեց. «Այո»։
Հարցին էլ, թե ինչպե՞ս է որակում ծեծն ու բռնությունը, պատասխանեց. «Շատ վատ, ի՞նչ պիտի, ասենք, որակեմ։ Նորմա՞լ է մարդ ծեծելը»։
Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ անցած տարի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզահամալիրում տեղի ունեցած միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին մոտեցել է Վյաչեսլավ Հարությունովն ու հիշեցրել ավելի վաղ իրեն տրված խոստումի մասին՝ օգնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն իր որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում:
«Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ Էդուարդ Բաբայանը՝ խմբով, Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս», - ասված էր ծառայության տարածած հաղորդագրությունում:
Տեղի ունեցածից որոշ ժամանակ անց, սակայն, Հարությունովը հայտարարել է, որ ինքն ուղղակի սայթաքել է:
Իրեն տուժող չհամարող Վյաչեսլավ Հարությունովն այսօր ներկա չէր նիստին, իսկ նրա փաստաբանը հրաժարվեց հարցազրույց տալ: Իրեն մեղադրյալ չհամարող ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ ասաց՝ ժամեր շարունակ դատարանում հնչող հայհոյախառն գաղտնի ձայնագրությունները որևէ ապացույց չեն ներկայացնում իրենցից, կրկնեց՝ Բաբայանի անունը մեկ անգամ է հնչել, նույնն էլ Ծառուկյանի։
«Մի հարյուր էջի մեջ մի տեղ, մի բառով էդո է ասում, որը Ծառուկյանի հետ է եղել։ Չեմ կարա բովանդակությունը բացեմ, բացարձակ կապ չունի գործի հետ։ Ասենք, Էդոն էլ է ընդեղ, իսկ Էդոն ո՞ր Էդոն է, ի՞նչ Էդոյի մասին է խոսքը։ Ես չգիտեմ, էնտեղ տեղ կա ասում է Գագո, Գագոն Ծառուկյան Գագոյի մասին է, թե այլ Գագիկի մասին է, ես չեմ կարող ասել։ Ծառուկյան ազգանուն չեմ հիշում այս պահին, եթե հնչում էլ է, դա էն է, որ Ծառուկյանը խոստացել է՝ տղայի չեմպիոն դառանլու դեպքում մեքենա տալ, գումար տալ, բնակարան տալ, էդ մասին է շոշափվում, որ Ծառուկյանը խոստացել է և պարտավոր է տալ», - նշեց Բաբայանը։
Վյաչեսլավ Հարությունովի փաստաբանը միջնորդել է, որ գաղտնի ձայնագրությունների հրապարակումից հետո նաև իր պաշտպանյալի հարցաքննությունը դռնփակ ընթանա: Դատավորը նախկին նիստում պատասխանել էր՝ այդ հարցը դեռ կքննարկվի։