Պատգամավորների բացակայությունը տեխնիկական հարց է. «Իմ քայլը»-ը մեծ պատվիրակությամբ մեկնել է Արցախ. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովում պատգամավորների այսօրվա բացակայությունը տեխնիկական հարց է. «Իմ քայլը» խմբակցությունը մեծ պատվիրակությամբ մեկնել է Արցախ, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյան։

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվեց պատգամավորից, թե զգացե՞լ է այն տարբերությունը, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է լինում Ազգային ժողովում, պատգամավորները մեկ մարդու նման ներկայանում են նիստին։

«Այստեղ անձերի խնդիր չէ, ընդամենը տեխնիկական հարց է՝ վաղուց որոշված հարցեր էր, որ պետք է Արցախ մեկնեն ու արցախյան պատվիրակության մեծաթիվ կազմը ստիպեց այսօրվա պատկերն արձանագրել», - ասաց Թովմասյանը։

Խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ևս նշեց, որ զուտ տեխնիկական խնդիր է։

«Որոշ մասը մի քիչ շուտ է մեկնել Արցախ, ոչ մի հատուկ բան արված չէ։ Վստահ չեմ, որ բոլորն են մեկնել, քվորում կունենա՞նք, թե՞՝ չենք ունենա, համենայն դեպս, օրենքը պահանջում է որպեսզի սպասենք, կսպասենք, կտեսնենք ինչ կլինի։ Ուզում եմ կրկնել, որ հատուկ որևիցե քաղաքական ակցիա չէ, տեխնիկական է զուտ», - ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ չի կարծում, թե սա ինչ-որ ձևով խաթարում է գործունեությունը. - «Համենայն դեպս լավ չէ, որ պատգամավորները ճիշտ չեն հաշվարկել, կարելի էր այնպես անել, որ քվեարկությունից հետո մեկնել»։

Հարցին, թե տեխնիկական բացթողումն ո՞ւմն է, Սիմոնյանը պատասխանեց. - «Չեմ կարող ասել»։

Նշենք, որ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը դեռ չի մեկնարկել։ Ժամը 11-ի դրությամբ 105 պատգամավորից գրանցվել է ընդամենը 51-ը։ Չորս ժամվա ընթացքում, եթե 67 պատգամավոր այնուամենայնիվ չներկայանա, նիստը կտապալվի։