«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարողականի շրջանակներում վարչապետի ելույթին՝ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե կառավարության ծրագրի կատարողականը հեղափոխական է ելույթներով, բայց ոչ արդյունքներով:
«Այո, մենք մի քանի հարցերի պատասխան էդպես էլ չստացանք։ Ներդրումներ՝ որքա՞ն, ո՞ր ոլորտներում․․․ այսինքն էսպես ընդհանրական ասել ներդրումներ և մտածել, որ դրանով խնդիրը կարգավորվելու է, այդպես չէ։ Մեկ տարի արդեն անցել է, ըստ էության, հեղափոխությունից հետո, և որևէ տեղաշարժ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսամակարդակի մեջ չկա։ Ավելին՝ ես պիտի միանամ Մանե Թանդիլյանի այն գնահատականին, որ աճել են սպառողական վարկերը, իսկ ի՞նչն է սպառողական վարկ՝ դա այն վարկն է, որը քաղաքացին վերցնում է ստիպված, ճարահատյալ, իր օրվա հացի խնդիրը լուծելու համար։ Եթե մենք իսկապես տնտեսական լրջագույն ռեֆորմներ չանենք մեր երկրում, և քաղաքացու կենսամակարդակում գոնե որոշակի նկատելի տեղաշարժ չլինի, ապա, շատ իրավացիորեն նշեց իմ գործընկեր Միքայել Մելքումյանը՝ մեկ տարի հետո մենք այս խնդիրներին կրկին անդրադառնալու ենք այս դահլիճում և որևէ հարցի պատասխան իրապես չենք ունենալու, և քաղաքացին այլևս չի հավատալու», - նշեց Զոհրաբյանը։
Կատարողականի հիմքում 2018 թվականի ցուցանիշներն էին, և հաշվի առնելով տեղի ունեցած քաղաքական ցնցումները՝ «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը լուրջ ձեռքբերումներ չէր էլ սպասում: Կարծում է՝ հենց այդ պատճառով վարչապետը ելույթում ավելի շատ խոսեց ոչ թե արված, այլ արվելիք աշխատանքի մասին:
«Չէինք ակնկալում առհասարակ նման ելույթ վարչապետից, մենք ակնկալում էինք 18 թվականի հաշվետվություն։ Նույն էս ընթացքում հնչեցին թվեր, որոնք մենք ուղղակի հնարավորություն չենք ունեցել ստուգելու և ուսումնասիրելու։ Կառավարությունները հակված են ճոխացնելու իրենց արած գործը, դա բնական է, բայց մենք էլ պետք է ունենանք հնարավորություն դա ստուգելու։ Այնինչ, մեզ ուղարկված զեկույցում նշված էին թվեր 18 թվականի մասին, բայց վարչապետը ներկայացնում էր 18-ի հունվար-19-ի հունվար, 18-ի փետրվար-19-ի փետրվար համեմատություններ, որոնք մենք չենք կարող ուղղակի վերլուծել, հնարավորություն չենք ունեցել։ Համեմատություն էր գնում 18, 19 թվականների ձեռքբերումների միջև, ինչը ինչ-որ չափով չէր վերաբերում հիմնական զեկույցին։ Թեկուզ քիչ բան կար զեկուցելու, բայց լավ կլիներ, որ իրական թվերի մասին մենք խոսեինք, արձանագրեինք էն թեկուզ ձախողումները, կամ ոչ այնքան աճը, ինչ ունենք, որոնք մենք գիտենք նաև, որ դրանց համար կան օբյեկտիվ պատճառներ, էդ ամենը արձանագրեինք և նոր միայն սկսեինք խոսել առաջիկա սպասվելիք գործողությունների մասին», - ընդգծեց Գորգիսյանը։
Ընդդիմությունը նկատում է՝ վարչապետի հռետորաբանությունը փոխվել է: Ի տարբերություն կառավարության ծրագրի ներկայացմանը՝ այս անգամ Փաշինյանն ավելի հարգալից էր ընդդիմության նկատմամբ, նյարդերն էլ ավելի քիչ էին տեղի տալիս:
«Կարծում եմ, վարչապետը արդեն սկսում է գործել որպես երկրի ղեկավար, այլ ոչ թե ընդդիմություն», - ասաց Գորգիսյանը։
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասում է՝ չի նախանձում իր ընդդիմադիր գործընկերներին, որովհետև դժվար է քննադատել նման թափանցիկ ու հեղափոխական կառավարությանը։
«Ասել, որ մի տարի է, և քննադատել, կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չի, որովհետև մենք մինչև գրեթե, կարելի է ասել, դեկտեմբերի 9-ի ընտրությունները զբաղված էինք իշխանությունը ձևավորելով, և իշխանությունը ձևավորված չէր։ Նույնիսկ հիմա մենք ունենք պրոբլեմներ՝ կապված այն փաստի հետ, որ տեղերում միևնույն մարդիկ են, և շատ դժվար է գործելակերպի, ոճի տրամաբանության այդ մեսիջը հասցնել», - ընդգծեց Սիմոնյանը։
Կառավարության ծրագրի կատարողականը ընդունվում է ի գիտություն և քվեարկություն Սահմանադրությամբ նախատեսված չէ, հետևաբար, ըստ Գորգիսյանի, թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը դեռ նոր պետք է սովորեն՝ ինչպես այն հնարավորինս արդյունավետ անցկացնել: