10-ը տարի առաջ Հայաստանում հաստատված իրանցի գործարար Փուհա Հոսեինին պատճառներից գլխավորն է նշում՝ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով Իրանում առաջացած տնտեսական իրավիճակը։ Իրանական արժույթը՝ ռիալը, գրեթե 3,5 անգամ արժեզրկվել է դոլարի համեմատ։ Շատ իրանցի զբոսաշրջիկների գրպանին հարմար չեն հայաստանյան գները։
Հոսեինին, ով նաև Հայաստան - Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի ղեկավարն է, նկատում է, որ Վրաստանի զբոսաշրջային քաղաքականությունն էլ է գրավել իրանցի զբոսաշրջիկներին․ - «Վերջին տարիներին Վրաստանի տուրիզմի քաղաքականությունը շատ գրավել է Պարսկաստանի տուրիստներին: Այնտեղ տուրիստական գոտիներ են ստեղծվել, հարմարություններ են ստեղծվել: Ինձ թվում ա, մի պատճառը այդ է»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը զբոսաշրջիկների թվի նվազումը կապում է նաև Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի վիճակի հետ։ Խնդիրը տարիներ ի վեր լուծում չի ստանում․ - «Բոլորովին չի համապատասխանում միջպետական ճանապարհին առաջադրվող որևէ պահանջի՝ սկսված ասֆալտային ծածկությով, վերջացած ճանապարհային նշաններով»։
Իրան-Հայաստան ճանապարհին բժիշկ Արեֆ Ղանբարզադեհին Հայաստանի բնություն է տպավորել, սակայն տպավորությունը լիարժեք չէ՝ հենց քարուքանդ ճանապարհների պատճառով․ - «Իրան-Հայաստան ճանապարհը շատ վատ վիճակում է։ Եթե երկու երկների իշխանությունները միջոցներ ձեռնարկեն և այդ խնդիրը լուծեն, Հայաստանն իրանցի զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ կդառնա»:
Պաշտոնական տվյալներով՝ 2018 թվականին 27 տոկոսով նվազել է Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Եթե 2017-ին 22 հազար 147 իրանցի է ժամանել, ապա արդեն 2018-ին 16 հազար 645 է եղել ցուցանիշը։ 2012, 2013 թվականներին էլ է գրանցվել իրանցի զբոսաշրջիկների թվի նվազում։
Զբոսաշրջության պետական կոմիտեում վերլուծել ու եզրահանգել են՝ նվազման գլխավորը նախորդ տարիներին Իրանի տնտեսական վիճակն է։ Այս տարի ևս նվազման միտում է նկատվում։
Վարդան Ոսկանյան, Իրանագետ - «Այս տարի իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը կարծես թե կրճատվել է: Բայց սա զուտ տեսողական գնահատական է»:
Իրանցիների նոր տարին ավարտվում է, մեծ մասն արդեն հայրենիք է վերադառնում:
«Մարդիկ սիրալիր են, մենք սիրեցինք նրանց։ Մարդկանց մեծ մասը անգլերեն է խոսում, մենք նրանց հետ շատ հեշտությամբ հաղորդակցվում ենք», - «Ազատությանն» ասաց Ասմա անունով իրանցի զբոսաշրջինը։
Նա Հայաստան է եկել ընտանիքի հետ միասին՝ 8 հոգով։ արդեն եղել են Գառնի-Գեղարդում՝ տպավորված են, Սևան չհասցրեցին գնալ։
Չնայած իրանցի զբոսաշրջիկների թվի նվազմանը, 2018-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 8,8 տոկոսով աճել է։ Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից։