Մեր կառավարությունը նախանձախնդիր է մեր երկրի և ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության հարցում. Փաշինյան

Կառավարության ծրագրի 2018 թվականի կատարողականի երկու օր տևած աննախադեպ քննարկումը խորհրդարանում այսօր ավարտվեց:

«Մեր կառավարությունը նախանձախնդիր է մեր երկրի և ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության հարցում», - այսօր խորհրդարանում ունեցած իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի քննադատությանը:

«Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել կամ հավաստիացնելու կարիք չկա, դուք պիտի որ տեսնեիք, որ մեր կառավարությունը նախանձախնդիր է մեր երկրի և ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ուղղություններով», - նշեց վարչապետը։

Բաբաջանյանն իր ելույթում քննադատել էր կառավարության արտաքին քաղաքականությունը՝ նշելով, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը ձախողել է, հայ-ռուսական հարաբերություններում վստահությունը չի մեծացել, վիճահարույց որոշում է կայացրել Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու մասին, հեղափոխությունից հետո վարել է միավեկտոր՝ Ռուսաստանին ուղղված արտաքին քաղաքականություն, հայ-ամերիկյան հարաբերությունները ոչ միայն չեն զարգացել, այլև այժմ վտանգված է այդ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը՝ Ամուլսարի հանքավայրի հետ առաջացած խնդիրների պատճառով:

«Թավշյա հեղափոխությունից հետո շատերի մոտ կար կարծիք, որ վերջապես մեր արտաքին քաղաքականությունը կդիվերսիֆիկացվի ու վերջ կտրվի միագիծ քաղաքականությանը, ցավոք, դա տեղի չունեցավ», - ասաց Բաբաջանյանը։

Փաշինյանը հակադարձեց, որ Հայաստանը որոշումներ է ընդունել իր ինքնիշխան շահերից ելնելով, իսկ Միացյալ Նահանգները գործնականում չի արձագանքել հեղափոխությանը։

«Ես, օրինակ, Ամերիկայի ներկայացուցիչներին էլ եմ ասել՝ ես համարում եմ, որ իրանք գործնականում զրո արձագանք են տվել, ինչո՞ւ։ Երբ որ մենք ասում ենք՝ մեզ համար կարևորը մեր երկրի ինքնիշխանությունն է, մենք նկատի չունենք, որ կախվածությունը Ա կետից պետք է փոխարինենք կախվածությամբ Բ կետից», - ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը չհամաձայնեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը ձախողել է՝ չկարողանալով նշանակել իր ներկայացուցչին Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո։

«Մեր նկատմամբ, թույլ տվեք ասել, որ հարգանքը մեծացել է», - ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է Սիրիա ուղարկած մարդասիրական առաքելությանը, Փաշինյանը շեշտեց, որ դա Հայաստանի պատմական առաքելության մասն է։

«Եթե էսօր մեր բժիշկը էնտեղ փրկել է մի մարդու կյանք, ում պապը մեր Ցեղասպանությունից մազապուրծ մի հայրենակցի օգնել է, մի կտոր հաց է տվել կամ մի բաժակ ջուր, ես համարում եմ, որ մենք դրանով էդ պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին։ Ունի՞ ռիսկեր էդ առաքելությունը, թե՞ ոչ՝ իհարկե ունի, բայց արդյո՞ք սա մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և միջազգային սուբյեկտությունը՝ այո, մեծացնում է», - շեշտեց կառավարության ղեկավարը:

Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի վերաբերյալ նաև առանձին հարց հնչեց: Ամուլսարի հանքավայրի շահագործումը կանգնեցված է, կառավարությունը ուսումնասիրում է հարցը, թե որքանո՞վ է հանքի շահագործումն անվտանգ շրջակա միջավայրի համար։ Մինչ այդ՝ ընկերությունը միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց է սկսել։

«Ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը», - հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան»-ից Արթուր Գրիգորյանը։

«Էդպիսի ընկալում կա՝ վայ, «Լիդիան»-ը դիմում է միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի։ Հա դիմում ա՝ դիմում ա, թող դիմի», - պատասխանեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ միջազգային կազմակերպության գնահատականին են սպասում։ «Լիդիան»-ի հանքի վերաբերյալ մինչ այս տրված եզրակացությունները վստահելի չեն:

«Ես հրավիրել եմ բնապահպանության նախարարին, ասել եմ՝ հիմա էս ՇՄԱԳ-ը կա, Դուք անձամբ երաշխավորո՞ւմ եք, որ էն, ինչ որ էս ՇՄԱԳ-ի մեջ գրած է, ճիշտ է, և ինքը ասել է՝ ոչ, ես չեմ կարող երաշխավորել», - նշեց Փաշինյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը հարց բարձրացրեց՝ կառավարությունը խոսում է տնտեսական հեղափոխության մասին, սակայն հայտնի չէ, թե որտեղից է գումարներ գտնելու այդ հեղափոխության համար։

«Իմ կարծիքով՝ էդ ֆինանսավորման կարևոր աղբյուրներից մեկը մեր բանկային համակարգը պետք է լինի», - պատասխանեց վարչապետը։

Կառավարության 10 ամիսների գործունեության մասին զեկույցի քննարկման երկրորդ օրը վարչապետին ուղղված հիմնական հարցերը գյուղատնտեսության ոլորտից էին։ Արդյո՞ք Իրանի հետ կնքված տնտեսական նոր համաձայնագիրը բացասաբար չի ազդի հայաստանյան գյուղատնտեսության վրա, երբ էժանանա Իրանից բանջարեղենի ներմուծումը։

«Պոտենցիալ ունենք, որը չենք կարողանում արտահանել, և մեր մտածողությունը շարունակում է մնալ էն, որ մենք կարտոֆիլը պետք է պարկերով տանենք Կոմիտասի պողոտայի վրա շարենք և վաճառենք, սա մեր ամենամեծ պրոբլեմն է։ 70 միլիոն շուկան մեզ համար բացում ենք, ասում են՝ «վայ մեր երեք միլիոնանոց շուկան կարո՞ղ է գրավեն»։ Այո, եթե չաշխատենք, իհարկե կգրավեն», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Լուսավոր Հայաստան»-ից Սրբուհի Գրիգորյանը բարձրացրեց ոռոգման ջրի խնդիրը, ասաց՝ ջրի բացակայությամբ բերքը փչանում է, գյուղացու աշխատանքը՝ ջուրը լցվում, Ջրօգտագործողների միություններում էլ աշխատավարձ չեն ստացել, այժմ էլ բոյկոտում են ոռոգման սեզոնին պատրաստվելը: Նիկոլ Փաշինյանին Ջրօգտագործողների միության բոյկոտի փաստը բարկացրեց, այս միությունների աշխատավարձն իրենց հավաքագրումներից է գոյանում, ասաց, և իրենց վատ աշխատանքի մեղքը թող կառավարության վրա չբարդեն, մանավանդ որ այստեղ կոռուպցիոն երևույթների կասկածներ կան։

«Էս ի՞նչ սովորություն է՝ նստեն իրանց տեղը, գողանան, թալանեն, ուտեն, վերջում գան ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե վճարի։ Ինչի՞ պիտի վճարի կառավարությունը։ Ամենաշատ թալանված համակարգերից մեկն է Ջրօգտագործողների միությունը, հեսա հերթով մենք բոլորի հետևից կգնանք։ Աշխատավարձ չեն ստանում՝ մտնենք դրանց պետերի տները, տենանք՝ ո՞նց են ապրում, ի՞նչ ավտոներ են քշում», - ընդգծեց վարչապետը։

Կառավարության ծրագրի 2018 թվականի կատարողականի երկու օր տևած աննախադեպ քննարկումը խորհրդարանում այսօր ավարտվեց: