«Բանակցությունների ենք գնում Ստեփանակերտում հայտարարած օրակարգով». Փաշինյան

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարություններն այսօր պաշտոնապես հաստատեցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը կկայանա Ավստրիայի մայրաքաղաքում՝ մարտի 29-ին:

Այցից առաջ այսօր խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետ Փաշինյանը պնդել է՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ իր դիրքորոշումը չի փոխվել, և հայկական կողմը Վիեննա է մեկնում հենց այդ օրակարգով:

«Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում՝ ԱԽ համատեղ նիստում, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, քննարկումների, և ըստ էության, այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում», - ասաց Փաշինյանը:

Շաբաթներ առաջ Ստեփանակերտում՝ Հայաստանի ու Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, Փաշինյանը պնդել էր՝ Ղարաբաղը պե՛տք է ներգրավվի բանակցություններում, օրեր առաջ էլ, իր ասուլիսում ընդգծել՝ դա ոչ թե ձևաչափի փոփոխություն է, այլ՝ նախկինում գործող ֆորմատի վերականգնում:

Բաքուն, սակայն, կտրականապես մերժել էր այս առաջարկը: Ակնհայտ այս տարաձայնությունների ֆոնին Փաշինյանն այսօր պնդել է՝ առաջիկա հանդիպումից առայժմ միայն մտքերի փոխանակում է ակնկալում:

«Նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ մեր քննարկումներում ես ասել եմ իմ դիրքորոշումը. կարծում եմ, որ սկզբնական փուլում առնվազն էդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է չունենան, պետք է լինի հարցերի շուրջ, և մենք մտքեր փոխանակենք տարբեր, մեզ հուզող հարցերի շուրջ», - ասել է Փաշինյանը:

Մինչ առաջնորդները պատրաստվում են բանակցություններին, շփման գծում ինչպես և բանակցային մյուս փուլերից առաջ, կրկին իրավիճակի լարվածություն է նկատվում:

Ադրբեջանական կողմը հաղորդում է, թե երեկ «հակամարտ գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը սադրանքների են դիմել, ադրբեջանցի մեկ զինվոր զոհվել է»։

Այսօր, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավար, գեներալ էլչին Գուլիևը հրահանգել է ամրապնդել Հայաստանի հետ սահմանի պաշտպանական դիրքերը՝ հնարավոր սադրանքները կանխելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հաղորդում է, որ երեկ Բերդավան գյուղի մերձակայքում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

«Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։ Հայկական կողմից տուժածներ չկան », - ասված է հաղորդագրությունում: