Ղըրղզստանը ցանկանում է հնարավորինս շուտ նշանակել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նախագահող Ղըրղզստանը ցանկանում է, որ այդ կազմակերպության գլխավոր քարտուղարը որքան հնարավոր է շուտ նշանակվի։ Այսօրվա ճեպազրույցում ասել է Ղըրղզստանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Դանիյար Սըդըկովը՝ միաժամանակ նշելով, որ գլխավոր քարտուղարի բացակայությունը կազմակերպության գործունեության վրա ազդեցություն չի թողնում։

«Մենք, որպես նախագահող կողմ, ցանկանում ենք, որ գլխավոր քարտուղարը նշանակվի որքան հնարավոր է արագ, որպեսզի կազմակերպությունը լիարժեք գործի։ Այսօրվա դրությամբ գլխավոր քարտուղարի պարտականությունը կատարում է կազմակերպության ղեկավարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, նա բավականին փորձառու և լուրջ մարդ է և գլխավոր քարտուղարի բացակայությունը կազմակերպության գործունեության վրա որևէ ազդեցություն չի թողնում», - ասել է Դանիյար ։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուի շուրջ կողմերը բանակցություններ են վարում, կազմակերպության շրջանակում բոլոր մասնակիցները միմյանց հետ ակտիվորեն համագործակցում են: - «Պլանավորվում է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը աշնանը անցկացնել Բիշքեքում», - ասել է Սըդըկովը, հավելելով, որ գագաթնաժողովը տեղի կունենա, եթե նույնիսկ մինչև աշուն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցում կողմերը չգան ընդհանուր որոշման:

«Կարծում եմ, որ գագաթնաժողովը տեղի կունենա, հիմնական պայմանն այն է, որ դրան ներկա լինեն բոլոր պետությունների ղեկավարները», - ընդգծել է Սըդիկովը:

Ղըրղզստանը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնել է անցած աշնանը Ղազախստանում կայացած գագաթնաժողովում։ Հենց այդ գագաթնաժողովից սկսած նոր գլխավոր քարտուղարի հարցում հակասություններ սկսվեցին Հայաստանի և Բելառուսի, ու նաև վերջինիս պաշտպանող Ղազախստանի միջև: Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ամփոփելով գագաթնաժողովի արդյունքները, ասել էր, թե Հայաստանից հետո նոր գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:

Անցած նոյեմբերին ռազմական դաշինքի նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղըրղզստանին:

Գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է անցած տարվա նոյեմբերից․ Հայաստանը վաղաժամ ետ կանչեց 2017-ի ապրիլից այն զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, ում «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրված:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պնդում է, որ այդ պաշտոնը պետք է Հայաստանինը լինի մինչև 2020 թվականը, և որ հարցը պետք է լուծվի փոխհամաձայնությամբ: