Միացյալ Նահանգների կողմից Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնիշխան իրավունքները ճանաչող հրամանագիրը Դոնալդ Թրամփը ստորագրեց երկուշաբթի երեկոյան` պաշտոնական այցով Վաշինգտոն ժամանած Բենյամին Նեթանյահուի ներկայությամբ:
Հրամանագրի ստորագրմանը նախորդած կարճատև ասուլիսի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը պնդում էր, որ այս քայլով Վաշինգտոնը ցանկանում է ամրապնդել հրեական պետության պաշտպանունակությունը:
«Միացյալ Նահանգները ճանաչում է ինքնապաշտպանության բացարձակ իրավունքը, որով օժտված է Իսրայելը: Այժմ ես դիմում եմ պատմական մի քայլի, որն էլ ավելի կամրապնդի այդ երկրի պաշտպանունակությունը, հնարավորություն կտա ավելի հզոր ազգային անվտանգություն կերտել, անվտանգություն, որի իրավունքն Իսրայելը միանշանակորեն ունի», - հայտարարում էր Թրամփը՝ պնդելով, թե միջազգայնորեն Սիրիայի անբաժան մաս համարվող Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը նախևառաջ զսպելու է Իրանի գործողությունները:
«Այսօր Իրանի, հարավային Սիրիայում գործող ահաբեկչական կառույցների, այդ թվում՝ «Հեզբոլայի» նախահարձակ գործողությունների ֆոնին Գոլանի բարձունքները կարող են Իսրայելի դեմ հնարավոր կատաղի հարձակման պլացդարմ հանդիսանալ», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը:
Գոլանի բարձունքները, սակայն, արդեն շուրջ 5 տասնամյակ է ինչ գտնվում են Իսրայելի վերահսկողության տակ:
Իսրայելի պաշտպանության բանակը Գոլանի բարձունքները գրավեց 1967 թվականի ամռանը` վեցօրյա պատերազմի ընթացքում:
1981 թվականին արդեն Իսրայելի կառավարությունը Գոլանի բարձունքները պաշտոնապես երկրի մաս հայտարարեց: Այդ որոշումը, սակայն, աշխարհի պետություններից և ոչ մեկն, այդ թվում՝ Երուսաղեմի մերձավոր դաշնակից ամերիկացիները տասնամյակներ շարունակ չէին ճանաչում:
«Պարոն նախագահ, տարիներ շարունակ Իսրայելը Օվալաձև կաբինետում բազմաթիվ բարեկամներ ունենալու բարեբախտությունն ուներ: Ձեզ նման բարեկամ, սակայն, Իսրայելը երբեք չի ունեցել», - դիմելով Դոնալդ Թրամփին՝ հայտարարում էր Իսրայելի վարչապետը:
ԱՄՆ նախագահի հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, թե Դոնալդ Թրամփի համար յուրահատուկ մի նվեր ունի:
«Ուզում եմ ասել, որ Գոլանի բարձունքներում արտարդված հրաշալի գինու մի արկղ եմ բերել ձեզ: Տեղյակ եմ, որ դուք գինու հանդեպ առանձնապես մեծ սեր չունեք, ուստի կարո՞ղ եմ ես այդ արկղը փոխանցել ձեր աշխատակիցներին», - հարցնում էր Բենյամին Նեթանյահուն` ստանալով Թրամփի միանշանակ դրական պատասխանը:
Ի տարբերություն Սպիտակ տան, համաշխարհային մյուս կենտրոններում ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հրամանագրի հրապարակումից հետո տրամդրություններն առանձնապես տոնական չէին:
Բնական է, որ առաջինը Թրամփի հրամանագրին արձագանքեցին Գոլանի բարձունքների ֆորմալ տերերը` սիրիացիները:
«Այս որոշումը որևէ հետևանք չի ունենա: Այն հանգեցնելու է Ամերիկայի մեկուսացմանը: Գոլանի բարձունքների հարցում Թրամփը որևէ բան չի կարող անել: Կարևոր չէ, թե քանի տարի է անցել: Իրողությունը մեկն է` Գոլանի բարձունքները Սիրիային պատկանող օկուպացված տարածքներ են», - հայտարարում էր Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ Մուալեմը:
Տարածաշրջանային մյուս ակտիվ դերակատարները ևս խստորեն քննադատում են Դոնալդ Թրամփի հրամանագիրը:
«Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ Ամերիկայում նստած մարդը կարող է այլ ժողովրդին պատկանող հողը հանձնել այն օկուպացրած պետությանը` խախտելով միջազգային օրենքները և համաձայնագրերը: Նման գործողություններն այս դարաշրջանի համար աննախադեպ են», - այսօր Թեհրանում հայտարարում էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Միացյալ Նահանգները մեկ անգամ ևս անտեսեցին միջազգային իրավունքի նորմերը: Ամեն դեպքում այս որոշումը երբեք չի օրինականացնի Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների բռնակցումը», - երեկ երեկոյան հայտարարում էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ռուսաստանի իշխանությունները ևս խստորեն քննադատում են Գոլանի բարձունքների հանդեպ իսրայելական գերիշխանությունը ճանաչելու Սպիտակ տան որոշումը:
«Նման որոշումը միանշանակ բացասական հետևանքներ ունի թե՛ մերձավորարևելյան, թե՛ Սիրիայում ընդհանուր քաղաքական կարգավորման մթնոլորտի տեսանկյունից: Որևէ մեկը դրանում կասկած չունի: Սա Վաշինգտոնի հերթական քայլն էր, որն աներկբայորեն խախտեց միջազգային իրավունքի նորմերը։ Մենք խորապես ցավում ենք դրա համար», - պատասխանելով մոսկվացի լրագրողների հարցերին՝ այսօր նշում էր Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: