ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անբաժան մաս ճանաչելու մասին հուշագիր է ստորագրել:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի անխախտ դաշինքը երբեք այդքան ամուր չի եղել, ինչպես հիմա:
Երկուշաբթի օրը Սպիտակ տանը տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ Թրամփը հետևողականորեն կատարում է իր խոստումները:
Պաշտոնապես Սիրիայի տարածք համարվող Գոլանի բարձունքներն Իսրայելի վերահսկողության տակ անցան 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո: Իսրայելի կառավարությունն այն հրեական պետության մաս հռչակեց 1981 թվականին:
Միջազգային հանրությունը, սակայն, քննադատեց այդ քայլը` շարունակելով ճանաչել Սիրիայի իրավունքները Գոլանի բարձունքների հանդեպ:
Տարածաշրջանի պետությունները խստորեն քննադատում են Միացյալ Նահանգների նախագահի որոշումը:
ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը տեղի է ունեցել Գազայի հատվածում հերթական լարվածության ֆոնին, ինչի պատճառով Նեթանյահուն ստիպված էր ընդհատել Վաշինգտոնյան այցը և վերադառնալ Թել Ավիվ:
Երկուշաբթի առավոտյան «Համաս» շարժման վերահսկողության ներքո գտնվող Գազայից հրթիռակոծվել էր Թել Ավիվի մերձակայքում գտնվող Միշմերեթ ավանը:
Հարձակման հետևանքով վեց խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երկու անչափահասներ, տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: