Կալանքն ընտրվում է բացառապես բավարար հիմքերի դեպքում. ՔԿ ղեկավարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին

Հայաստանում կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվում է բացառապես բավարար հիմքերի առկայության դեպքում, այսօր ասել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն՝ ընդունելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելիին:

ԵԽ պատվիրակության ղեկավարը ՔԿ նախագահից, մասնավորապես հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից:

Հայկ Գրիգորյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ վերջին տարիների վիճակագրական տվյալներ և նշել, որ ըստ այդ տվյալների, տարեցտարի նվազել է կալանավորված անձանց թիվը:

Հայկ Գրիգորյանը շեշտել է Հայաստանի քաղաքական ղեկավարության այն դիրքորոշումը, որ իրավապահների նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ։

«ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, լավագույն վկայությունն է այն բանի, որ ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ իշխանությունը կարևորում է անձի արժանապատվությունը, և կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվում է բացառապես բավարար հիմքերի առկայության դեպքում», - ասել ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանն անդրադարձել է ԵԽ-ի երևանյան գրասենյակի հետ ինտենսիվ և արդյունավետ համագործակցությանը, շնորհակալություն է հայտնել նախկինում համատեղ իրականացված ծրագրերի համար և հայտնել իր պատրաստակամությունը՝ համագործակցությունը խորացնելու և ծրագրերը նոր թափով շարունակելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր կողմից նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մշակված մի շարք ծրագրեր, որի իրականացումն այս պահին ընթացքի մեջ է:

Քրիստոֆ Պոյրելը ողջունել է ՔԿ նախագահի ներկայացրած ծրագրերը և հայտնել իր անվերապահ աջակցությունը դրանց իրականացման ընթացքում:

Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցել Կոմիտեի կողմից իրականացվելիք ծրագրերին և նշել, որ բարձր է գնահատում Քննչական կոմիտեի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը, քրեական գործերի քննության, դրանց արդյունավետ կազմակերպման վերաբերյալ ձեռնարկվող քայլերը: