Վրաստանի պաշտոնաթող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և իր կինը որոշել են իրենց ժամանակի մի մասը հատկացնել զբոսաշրջային ծառայություններ մատուցելուն։
Ընդամենը երեք ամիս առաջ նախագահի պաշտոնին հրաժեշտ տված Մարգվելաշվիլին վրացական Դուշեթում գտնվող իր կառուցած փոքրիկ տնակն իջևանատուն է դարձրել։
Առաջին հյուրերին նախկին նախագահական ընտանիքը կընդունի արդեն այս շաբաթավերջին, եկվորները Ֆրանսիայից են, բայց տեղյակ չեն, որ կհյուրընկալվեն Վրաստանի նախկին նախագահի ընտանիքում։ Տան տերերը որոշել են անակնկալ անել։
Թբիլիսիից մոտ 90 կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ տնակն օրավարձով տրամադրելու մասին գովազդը տեղադրվել է Համաշխարհային Airbnb ցանցում, մեկ գիշերակացի գինն 80 դոլար է։
Վրացական լրատվամիջոցների հետ զրույցում նախկին առաջին տիկինը խոստովանելէ ,ո ր այդ եկամուտը փոքր չէ իրենց ընտանիքի համար։
Լրագրողի հարցին, թե որքան խնայողություն ուներ Մարգվելաշվիլին պաշտոնին հրաժեշտ տալու պահին, նախկին նախագահը պատասխանել է՝ 6 հազար լարի, մոտ 2 հազար 200 դոլար։
Վրաստանի չորրորդ նախագահը խոստանում է հյուրերին անձամբ հյուրասիրել, ճաշին հրամցնել իր աճեցրած բանջարեղենը։ Հյուրերը կարող են համտեսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նվիրած նռան ծառի պտուղներից, կարտոֆիլը նույնպես պատահական տեսակի չէ սերմերը նվիրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Այժմ որպես հյուրատուն ծառայող քոթեջը Մարգվելաշվիլին կառուցել է երկու տարի առաջ, ասում է՝ կահույքը սեփական ձեռքի աշխատանքն է, իսկ տան դիզայնը պատկանում է կնոջը։
Հինգ տարվա նախագահական ժամկետի ավարտից հետո Մարգվելաշվիլին լքել է մեծ քաղաքականությունը և վերադարձե ակադեմիական գործունեությանը։
Փիլիսոփայության դոկտոր 49-ամյա արդեն նախկին քաղաքական գործիչը դասավանդում է Վրաստանի հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկում GIPA-ում։ Նա ասում է, որ չի կարոտում նախագահության ժամանակաշրջանը, բայց հպարտ է, որ ղեկավարել է իր սիրելի երկիրը: