Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը վերահաստատում է խմբակցության նախկինում արտահայտած դիրքորոշումը՝ «ընդհանուր հաշվով Երևանի բյուջեն անդեմ է»։
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ Վարդանյանն ասաց՝ ըստ էության, որևէ նոր փոփոխություն, որևէ լուջ ծրագրի ներգրավում այս բյուջեում չկա։
«Ազատություն». - Երբ ներկայացվում էր Երևանի բյուջեն, որը տասը միլիարդ դրամով ավելացել է, Ձեր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ այս բյուջեն անդեմ է։ Ինչո՞ւ է անդեմ, այնտեղ կետ առ կետ նշված էր ինչի համար և որքան գումար է ավելանում։
Թեհմինա Վարդանյան. - Ոչ թե բյուջեի փոխված նախագիծն էր անդեմ, որ վերջին ավագանու նիստի ժամանակ հաստատեցինք, այլ ընդհանուր հաշվով բյուջեն է անդեմ, որովհետև, ըստ էության, որևէ նոր փոփոխություն, որևէ լուջ ծրագրի ներգրավում այս բյուջեում չկա։ Այսինքն՝ նույն բյուջեն է, սկզբից պակասեցրել էին՝ բավականին լուրջ ծրագրերից կրճատել էին, ինչպիսիք էին՝ վերելակներին տրամադրվող գումարը, որ շուրջ 78 միլիոն դրամով կրճատել էին՝ դարձնելով 31 միլիոն դրամ, կանաչ տարածքների պահպանման և հիմնմանը տրամադրվող գումարներից էին բավականին լուրջ թիվ կրճատել։
«Ազատություն». - Կանաչ տարածքների մասով պարզաբանում եղավ, ասացին, որ ի սկզբանե գրանցված են եղել ավելի շատ կանաչ տարածքներ, բայց հետո պարզվել է, որ այդքան կանաչապատ տարածք չկա։
Թեհմինա Վարդանյան. - Այո, բայց հիմնական բյուջեի հաստատման նախագծի ժամանակ, Հայկ Սարգսյանը՝ փոխքաղաքապետը, վստահեցնում էր, որ այդ գումարը, որը որ իրենք նախատեսել էին 2019 թվականի բյուջեով, հերիքելու է կանաչ տարածքների պահպանմանը։ Նախադասություն են սարքել իրենց համար ֆավորիտ և պատեհ կամ անպատեհ առիթների ժամանակ ասում են, որ «չի փոխվել աշխատանքի չափսը, չափսերը մնացել են նույնը, ուղղակի նախկինում գումարներ են եղել փոշիացված նույն կանաչապատման ոլորտից և այլևս չեն լինելու», հիմա, տեսեք, 576 միլիոնով կրճատել էին կանաչապատման բյուջեն, նոր բյուջեի լրամշակված տարբերակում 142 միլիոն ավելացրել են։ Նախավերջին ավագանու նիստի ժամանակ, ես հարց ուղղեցի պարոն Սարգսյանին՝ փորձելով հասկանալ արդյո՞ք Օպերայի տարածքի Ազատության հրապարակի հարակից սրճարանների քանդման արդյունքում հիմնվող կանաչ տարածքը մտել է այս բյուջեի նախագծի մեջ որպես կանաչապատ տարածք, թե՞՝ ոչ, ասաց, որ այո՛, մտել է, ծավալները չեն փոխվել, աշխատանքը չի փոխվել, ամեն ինչ արվելու է ուղղակի ավելի քիչ գումարով։ Ընդամենը երկու օր անց մեզ ներկայացվում է ավագանու արտահերթ նիստին բյուջեի լրամշակված տարբերակը, որտեղ տեսնում ենք, որ 142 միլիոն դրամով ավելացրել են։ Սա, իհարկե, միանշանակ գովելի է։ 90 միլիոն դրամով ավելացվել է վերելակների տրամադրվող բյուջեն։ Մենք իսկապես չէինք պատկերացնում, թե ինչպես կարելի է 31 միլիոնով բազմաթիվ, բազմահազար շենքերի վերելակներ սպասարկել, երբ, օրինակ, վերելակի շարժիչն արժե մեկից մեկուկես միլիոն դրամ, ճոպանները՝ 150-ից 200 հազար դրամ, այսինքն՝ ո՞նց էին պատկերացնում 31 միլիոնով սպասարկել։ Հիմա շատ գովելի է, որ 90 միլիոնով ավելացրել են։ Շատ գովելի է իսկապես որ ոչ մեկ չսրտնեղի ասածիցս՝ քաղաքային իշխանությունը որոշակի խելքի եկավ և ներկայացրեց բյուջեի լրամշակված տարբերակը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ