Գազայում ծավալված իրադարձությունների պատճառով Նեթանյահուն կրճատել է Վաշինգտոն այցի ժամկետները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Պաշտոնական այցով Վաշինգտոն ժամանած Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կկրճատի իր ուղևորության ժամկետները` Գազայի հատվածում ծավալված իրադարձությունների պատճառով։

Այսօր առավոտյան «Համաս» շարժման վերահսկողության ներքո գտնվող Գազայից հրթիռակոծվել էր Թել-Ավիվի մերձակայքում գտնվող Միշմերեթ ավանը:

Հարձակման հետևանքով վեց խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երկու անչափահասներ, տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:

«Սա Իսրայելի պետության դեմ ձեռնարկված հրեշավոր մի հարձակում էր և այն անչափ խիստ պատասխանի է արժանանալու: Ելնելով անվտանգության ապահովման շուրջ ստեղծված կացությունից` ես որոշել եմ կրճատել իմ այցի ժամկետները: Մի քանի ժամից ես կհանդիպեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո անմիջապես կվերադառնամ Իսրայել` մեր գործողությունները տեղում ղեկավարելու նպատակով», - նշել է Նեթանյահուն: