Դոնալդ Թրամփը մեծ ոգևորությամբ է արձագանքել Մյուլերի զեկույցում տեղ գտած եզրակացություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

«Լիակատար արդարացում». այսպես է բնութագրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմակիցների և Ռուսաստանի միջև հնարավոր կապերը հետաքննող Ռոբերտ Մյուլերի զեկույցի հրապարակումը:

«Գործարք չի եղել, [արդարադատության] խոչընդոտում չի եղել, լիարժեք արդարացում», - «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի այս գրառումը հայտնվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Ուլիյամ Բարրը կոնգերսականներին հղած նամակում նշել է, որ նախորդ շաբաթավերջին իրեն փոխանցված Մյուլերի զեկույցում «չկա եզրահանգում, որի համաձայն Թրամփի նախընտրական շտաբը գործարքի մեջ է մտել Ռուսաստանի կառավարության հետ կամ էլ համակարգել է դրա հետ իր գործողությունները` ռուսների` [ամերիկյան] ընտրություններին միջամտության շրջանակներում»: