Հարյուր հազարավոր բրիտանացիներ «Բրեքզիթ»-ին դեմ են

Եվրամիության կազմում Բրիտանիան պահելու աջակիցները պահանջում են «Բրեքզիթ»-ի հարցով նոր հանրաքվե, Լոնդոն, 23 մարտի, 2019թ.

Հարյուր հազարավոր մարդիկ մարտի 23-ին երթով անցել են մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնական փողոցներով և պահանջել են դադարեցնել «Բրեքզիթ»-ը՝ Եվրոպական միությունից թագավորության դուրս գալու գործընթացը:

Sunday Times պարբերականի քաղաքական բաժնի խմբագիր Թիմ Շիփմանը հայտնել է, որ Թերեզա Մեյի կառավարության անդամները վարչապետին մտադիր են ներկայացնել հրաժարականի պահանջ, քանի որ «Բրեքզիթ»-ը մտել է փակուղի, և այս վիճակից դուրս գալու համար նոր ղեկավար է պետք:

Մարտի 29-ին լրանում է «Բրեքզիթ»-ի հարցով որոշում կայացնելու ժամկետը: Եթե Բրիտանիայի խորհրդարանը չընդունի որևէ ծրագիր՝ «Բրեքզիթ»-ը կիրագոործվի առանց որևէ պայմանագրի:

Թերեզա Մեյին քննադատում են թե՛ «Բրեքզիթ»-ի աջակիցները և թե՛ Եվրամիության կազմում թագավորությունը պահելու կողմնակիցները:

Մեծ Բրիտանիայում նաև թափ է առնում «Բրեքզիթ»-ի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնելու շարժումը:

Առաջին հանրաքվեի արդյունքում ընտրողների 52 տոկոսը քվեարկել է հօգուտ Եվրամիությունից դուրս գալու, իսկ 48 տոկոսը՝ միությունում մնալու օգտին:

Երեկվա երթի կազմակերպիչների փոխանցմամբ, ակցիային մասնակցել է մոտ 1 միլիոն մարդ: