Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմից՝ մրցակցի հարկի տակ:
Շաբաթ ուշ երեկոյան Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց Ռադե Կրունիչը, 80-րդ րոպեին Դենի Միլոշևիչը կրկնապատկեց այն, իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իրացրեց ձեռքով խաղի համար մրցակցի դարպասին նշանակված 11-մետրանոցը:
J խմբում, որտեղ ընդգրկված է Հայաստանը, Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի թիմի նկատմամբ, Հունաստանը մրցակցի դաշտում նույն հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին:
Երկրորդ տուրում մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ֆինլանդիայի թիմին, Իտալիայի ընտրանին կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին, իսկ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը՝ Հունաստանի ընտրանուն:
Եվրո-2020-ի եզրափակիչ փուլը անցկացվելու է եվրոպական 12 երկրների մեկական քաղաքներում, 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը: