Վարորդները դժվարությամբ են հաղթահարում Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածը՝ գոյացած փոսերի պատճառով

Հիմնանորոգման ենթակա ավտոճանապարհ Շիրակի մարզում, արխիվ

Շիրակի մարզում միջպետական ու միջհամայնքային ճանապարհներ կան, որտեղ կարկատաններն արդեն հարցի լուծում չեն:

Հայաստան բեռնափոխադրումների հոսքի մի մասը ապահովվում է Բավրայի մաքսակետով, վարորդները դժվարությամբ են հաղթահարում Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածի մի քանի կիլոմետրում գոյացած փոսերը: Կառավարությունը չի շտապում ճանապարհի այդ հատվածը հիմնանորոգել, քանի որ այն ընդգրկված է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական ծրագրում, բայց թե ե՞րբ հերթը կհասնի, առայժմ անորոշ է:

Օրերս Շիրակի մարզպետարանում կազմակերպված քննարկման թեման հենց ճանապարհաշինությունն էր: Տրանսպորտի ու կապի նախարարության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի նախատեսում են Աշոցքի ու Ամասիայի ճանապարհների անանցանելի հատվածներում միջին նորոգում անել:

«2019 թվականին բյուջեով նախատեսված է միջպետական M1 ճանապարհի հետ կապված միջին նորոգման աշխատանքներ և Կապս-Ամասիայի հետ կապված, Գյումրի-Կապս-Ամասիա՝ հինգ կիլոմետրի չափով էլի միջին նորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ։ Եղանակի հետ կապված, հենց բարելավվեց, կսկսվի փոսերի նորոգման աշխատանքները, նորմալ կլինի, իսկ միջպետականի հետ կապված՝ միջին նորոգումով։ Քանի որ «Հյուսիս-հարավ»-ի հետ է կապված, մեծ գումարներ չի նախատեսում բյուջեն էդ ճանապարհի համար», - նշեց Արթուր Հովհաննիսյանը։

Մինչ ընթանում է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը, Գյումրի-Երևան ճանապարհի շատ հատվածներում գոյացել են անանցանելի փոսեր: Թալին-Գյումրի 45 կիլոմետր հատվածի շինարարությունն իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը: Քննարկման մասնակիցներն ասացին, թե հաճախ են աշխատանքի բերումով Գյումրիից Երևան մեկնում, ու ամեն անգամ նկատում են, որ փոսերի թիվն ավելանում է, իսկ փոսալցումներ չեն իրականացվում:

«Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխմենեջեր Լյու Մին Տյուն ասաց, որ շուտով փոսալցումներ կանեն. «Ինչպես գիտեք, Թալինից մինչև Գյումրի 45 կիլոմետրանոց հատվածը մեր կազմակերպությունն է կառուցում, և այդ հատվածում, իհարկե, կան փոսային շատ հատվածներ: Մենք ամեն օր վերանորոգել ենք փոսերը՝ լցնելով քանդված ասֆալտի մանրացված խառնուրդը, բայց վերջերս գործընթացը լավ չի արվել՝ եղանակային պայմանների պատճառով: Եղանակը խանգարել է մեզ: Ասֆալտ արտադրող կազմակերպության հետ կապ ենք հաստատել, որ կարողանանք փոսալցումներն ավելի ճիշտ կատարել, քանի որ 30 տարվա ասֆալտ է, դրա կպչողականությունը այդքան էլ լավ չէ, որ կարողանա երկար ծառայել: Մեզ հարկավոր է, որ արտադրված ասֆալտը տաք լինի, իսկ դա ապրիլի 5-ից հետո նոր հնարավոր կլինի»:

Թե որքա՞ն է տևելու կամ ե՞րբ է ավարտվելու «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը, Լյու Մին Տյուն ասաց՝ ինքն էլ կուզենար իմանալ:

«Ես էլ եմ շատ ուզում իմանալ, քանի որ դա միայն մեր խնդիրը չէ, դա նաև Տրանսպորտի նախարարության խնդիրն է, որը պետք է համատեղ լուծենք», - ընդգծեց ընկերության փոխմենեջերը:

Թալին-Գյումրի հատվածի շինարարության մենարկը տրվեց 2016-ին, և հայտարարվեց, որ դրա մի մասը՝ Թալին-Լանջիկ հատվածը կշահագործվի 2018-ին, իսկ Լանջիկ-Գյումրի հատվածը՝ 2019-ին: Թալին-Լանջիկ հատվածը շահագործված չէ, Լանջիկ-Գյումրի հատվածում էլ հողային աշխատանքներն են հիմնականում իրականացվել: Գործը բետոնե շերտի կառուցմանը դեռ չի էլ հասել: Ներկաները նաև հետաքրքրվեցին «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի ներկայացուցչից, թե արդյոք կա՞ հստակ ժամկետ՝ ի վերջո ե՞րբ կավարտվի Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը:

«Փոփոխվել է պայմանագիրը, քանի որ որոշ խնդիրներ ի հայտ եկան: Փոփոխվել է նաև պայմանագրի ժամկետը: Պայմանագրով կոնկրետ ժամկետ կա, բայց այդ ժամկետները ենթակա են փոփոխման, քանի որ շինարարություն է, շինարարության հետևանքով հնարավոր են շատ փոփոխություններ», - նշեց Լյու Մին Տյուն:

Թալին-Գյումրի ճանապարհի կառուցման ֆինանսավորումն իրականացնում են Ասիական զարգացման ու Եվրոպական ներդրումային բանկերը: Հայտարարված միջազգային մրցույթների արդյունքներով՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության հետ ստորագրվել են Թալին-Գյումրի 46 կիլոմետր ճանապարհի կառուցման կապալային համապատասխան պայմանագրեր՝ շուրջ 140 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: