Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, թե արդյոք 1999-ի հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է, թե ոչ:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ էր գրել՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նշել էր, թե Հոկտեմբերի 27-ից հետո իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ներկայացրել է մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է:
«Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրահանգեց ոչնչացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին», - Ռոբերտ Քոչարյանին հեռակա հարցրել էր Վահան Շիրխանյանը:
«Ազատություն». - Պարոն Վանեցյան, Դուք տեղեկություն ունե՞ք Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ, ինչի մասին հայտարարեց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։
Վանեցյան. - Այո՛, ես տեղեկություներ ունեմ, բայց ես ո՛չ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ո՛չ կհերքեմ, գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունն է, բոլոր հարցերով դիմեք ՀՔԾ-ին։
«Ազատություն». - Այսինքն՝ Դուք նույնպես տեղեկություններ եք ունեցել, որ նա գործակալ է եղել։
Վանեցյան. - Էլի եմ ասում՝ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ այդ ասածը։ Գործը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում: Հատուկ քննչական ծառայությունը, երբ անհրաժեշտություն լինի, այդ հարցին կպատասխանի։ Մեկ անգամ ևս շեշտում եմ՝ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ։
Ի դեպ, Վահան Շիրխանյանն իր նամակում նաև պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության օրը ուշացումով է խորհրդարան գնացել, քանի որ «սպասում էիր կատարվածի արձագանքին՝ հուսալով, որ ժողովուրդը ոճրագործին կհերոսացնի, սպասում էիր գործողության շարունակությանը՝ նոր ուժերի ներգրավումով, հույս ունեիր, որ Վազգենի թիմը կգրոհի դահլիճի վրա, կոչնչացնի տականքներին, և դու կունենաս թիմը ոչնչացնելու բոլոր հիմքերը։ Հանդիպումդ տականքիդ հետ ուշացրիր 13 ժամ, որպեսզի նրանք արյունաքամ լինեն, և եթե նրանց մեջ լիներ վիրավոր, փրկելու շանս չմնար։ Նման հաշվարկ կարող էիր անել միայն դու», - գրել է Վահան Շիրխանյանը։
«Եթե կլինեն փաստեր, որոնք հիմք կտան վերաբացել հոկտեմբերի 27-ի գործը, կամ հարուցել նոր քրգործ, դա միանշանակ կարվի»
Հարցին, թե արդյոք պաշտպանության նախկին փոխնախարարի նամակում Հոկտեմբերի 27-ի հետ կապված նոր հանգամանքներ կան, Արթուր Վանեցյանը պատասխանեց, թե Գլխավոր դատախազը Շիրխանյանի հայտնի նամակն ուղարկել է ԱԱԾ և ՀՔԾ, կկատարվեն համապատասխան ստուգողական աշխատանքներ, և եթե կլինեն փաստեր, որոնք հիմք կտան վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը, կամ հարուցել նոր քերական գործ, ապա դա միանշանակ կարվի:
Մինչ Հատուկ Քննչական ծառայությունը կհաստատի կամ կհերքի Հոկտեմբերի 27-ի հետ կապված Վահան Շիրխանյանի հայտարարությունները, նաև՝ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու փաստի հետ կապված, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ Վահան Շիրխանյանի կողմից հրապարակված հարցաշարն իր մեջ պարունակում է շատ կարևոր դրույթներ և լուրջ բացահայտումների հնարավորություն է տալիս:
Մասնավորապես, ըստ Անդրանիկ Քոչարյանի, իրեն հետաքրքրում է Մեղրիի հարցի հետ կապված Վահան Շիրխյանի հարցադրումները: Քոչարյանին ուղղած իր նամակում Շիրխանյանը Հայաստանի երկրորդ նախագահին մեղադրում է Մեղրին հանձնելու մտադրության մեջ:
Անդրանիկ Քոչարյան․ - Ես ուզում եմ հիշեցնել, որ ես եղել եմ նաև Մեղրիի պարետը արտակարգ դրության ժամանակ: Եվ շատ լավ գիտեմ, թե ինչու եմ եղել այդ շրջանի պարետը: Ես պարոն Վանեցյանին նաև ասացի, որ եթե գնա քննություն իրականացնելու գործընթաց, այն մարդիկ, որոնք ինչ-որ տեղեկատվության կրող են՝ սկսած ինձանից, ով ուզում է լինի, պարտավոր են նախաքննական մարմնին․․․ այն խնդիրները, որոնք վերաբերում են մեր երկրի ազգային անվտանգությանը, պետք է որոշակի աջակցություն ցուցաբերեն: Շատ հնարավոր է, որ դրանք բոլորը փոխկապակցված են․ 27-ի բացահայտում ասելով, Դուք ի՞նչ ի նկատի ունեք: Դա մի խնդիր է, որը մեր երկիրը պետք է իմանա, թե էդ հարվածը որտեղից ստացավ: Դրա մեջ կայի՞ն մեր ազգային անվտանգությանը վերաբերող արտաքին դրսևորումներ, շրջանակներ:
«Ազատություն»․ - Համաձա՞յն եք, որ եթե պարզվի, որ Նաիրի Հունանյանը իսկապես Ազգային անվտանգության ծառայության գործակալ է եղել, ապա այս տեղեկատվությունը լուրջ կարող է իրավիճակը փոխել Հոկտեմբերի 27-ի գործի դրդապատճառների, կազմակերպիչների և մնացած բոլոր այն հարցերով, որոնք այսօր դեռ ակտուալ են:
Անդրանիկ Քոչարյան․ - Այդ մասին ամենաիրազեկված անձնավորությունը, ինչպիսին Գագիկ Ջհանգիրյանն է, տեղեկացրեց, որ ինքը տեսել է անձնական գործը: Եվ այդ մասին խոսել են մարդիկ, որոնք տեղյակ են: Հիմա ամեն ինչ կախված է, թե պարոն Վանեցյանի ղեկավարած գերատեսչությունը ինչպիսի գործառույթներով մեր, ձեր հարցերի պատասխանին կմոտեցնի:
Ի դեպ, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով շուրջ 6 տարի՝ 2007-2013 թվականներին, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել, ի պատասխան «Ազատության» հարցին, այսօր ասաց, թե չի կարող ասել՝ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ եղե՞լ է, թե՞ ոչ․ - «Ես այդ ժամանակ աշխատանքի մեջ չեմ եղել, ես էնտեղ չեմ աշխատել և տեղյակ չէի կարող լինել: Ես եղել եմ նախագահի վերահսկողական ծառայությունում, և բնական է, չէի կարող տեղյակ լինել, թե էնտեղ ինչ կար»:
Նաիրի Հունայանի գլխավորած զինված խումբը 1999-ի հոկտմբերի 27-ին ներխուժելով խորհրդարան, գնդակահարել էր Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին: