Մոսկվա. «Թրամփի կոչն է՛լ ավելի կսրի Մերձավոր Արևելքի վիճակը»

ՄԱԿ-ի խաղաղապահը դիտարկում է Իսրայելի բանակի կողմից հսկվող Գոլանի բարձունքները, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Գոլանի բարձունքներն Իսրայելի հսկողության տակ ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը չի նպաստի Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորմանը:

«Միանշանակ է, որ նմանօրինակ կոչերը կարող են է՛լ ավելի սրել առանց այն էլ լարված իրավիճակը Մերձավոր Արևելքում: Այդ բուն գաղափարը որևէ կերպ չի նպաստի առկա բարդ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Տվյալ պահին դա ընդամենը կոչ է, հուսով ենք, որ կոչ էլ կմնա», - հայտարարել է Պեսկովը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ասել է, թե «ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ»:

Գոլանի բարձունքները մինչև 1967 թվականը Սիրիայի մաս են կազմել: Իսրայելը դրանք գրավել է վեցօրյա պատերազմի ընթացքում:

1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունել է որոշում Գոլանի բարձունքների վրա իսրայելական իրավասությունը տարածելու մասին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ճանաչել այդ որոշումը և բազմիցս պահանջել է բարձունքները վերադարձնել Սիրիային: