Առաջիկայում կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ. Վանեցյան

Առաջիկայում կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ, այսօր Ազգային ժողովում՝ «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե վարչապետը դժգոհ է իրավապահ մարմիններից կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, և հարցին, թե ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան, Վանեցյանը պատասխանեց. - «Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների, հատկապես ԱԱԾ-ի աշխատանքից, որովհետև այն տեմպը և այն աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, որոշակի նվազում կա»։

Հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. - «Բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած գործը հնարավոր չլինի հետագայում շահարկեր, բողոքարկել և ասել, որ մենք գործել ենք քմահաճույքով, մենք գործել ենք միայն օրենքով և փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն։ Բայց առաջիկայում կլինեն ևս մեծ հնչեղ բացահայտումներ»։