Ստվերի ճշգրիտ գնահատական չկա, կան դատողություններ և տարբեր գնահատականներ. ՊԵԿ նախագահ

Ստվերի ճշգրիտ գնահատական չկա, կան դատողություններ և տարբեր գնահատականներ, երեկ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին ի պատասխան հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նշելով, որ նոր Հայաստանի պայմաններում ենթադրվում էր անզիջում պայքար տանել ստվերի դեմ՝ Գրիգորյանը մասնավորապես հետաքրքրվեց Անանյանից, թե ի՞նչ արդյունքներ են գրացվել այս ընթացքում, ի՞նչ ստվերի մասին է խոսքը, ի՞նչ հայտնաբերվեց։

«Ստվերի գնահատման մեթոդաբանություն ենք հիմա մշակում և ստվերի ոլորտային գնահատում պետք է անենք։ Ասեմ, որ ստվերի ճշգրիտ գնահատական չկա, կան դատողություններ և տարբեր գնահատականներ, այդ թվում՝ նաև միջազգային կառույցներն իրենց դատողություններն ունեն, մեր Ազգային վիճակագրական ծառայությունը դրան ստվեր չի ասում, դրան ասում է ոչ ֆորմալ, կամ չհաշվառվող տնտեսություն, ընդ որում չհաշվառվող տնտեսությունը ամենևին չի նշանակում, որ դա պարտադիր ստվեր է, ուղղակի կա այնպիսի տնտեսություն, որը կամ չի հաշվառվում, կամ դրա հաշվառման մեթոդաբանությունը չկա, կամ իմաստը չկա։ Ստվերի գնահատականը հիմա ես որ Ձեզ ասեմ չկա, դրա համար ենք մենք հիմա ռեսուրսներ ծախսում։ Իրականում հիմա ինչպես է իրականացվում ստվերի դեմ պայքարը, դա իրականացվում է վերլուծական մեթոդաբանություններով, կամ վերլուծական մեր գործիքակազմով», - ասաց Անանյանը։

Նշելով, որ հարկային վարչարարության գրեթե բոլոր գործընթացներն ավտոմատացված են՝ ՊԵԿ նախագահը նաև ընդգծեց՝ ստվերի իրական գնահատումը դեռ չունեն այն մեթոդաբանությամբ, որը որ կուզեին։

«2018 թվականը հեղափոխական տարի էր եկամուտների հաշվառման մեթոդաբանության առումով, քաղաքականության առումով փոփոխությունները մի պահ, եթե դնենք մի կողմ, ընդհանուր առմամբ մեր առջև դրված խնդիրները մենք կատարել ենք՝ չնայած ծրագրային ճշգրտված ցուցանիշը մենք կատարել ենք 99.7 տոկոսով, այսինքն՝ տրիլիոն 261-ի փոխարեն արել ենք տրիլիոն 258, բայց տրիլիոն 258-ը դա այն եկամուտներն են, որտեղ հաշվառված չեն կանխավճարներն առաջին անգամ, 2019-ի առումով մեր գնահատականներն ավելի լավատես են։ Առաջին եռամսյակի համամասնությունը, որ սահմանվել է եկամուտների շուրջ 255 միլիարդ է, մարտի 20-ի տվյալներով՝ 280 միլիարդ արդեն համարվում է կատարված։ Մենք ունենք 10 օր, 10 օրվա մեջ պետք է 5 միլիարդ կատարենք, կարծում եմ, որ կկատարենք և կգերակատարենք»,- ասաց Անանյանը։