Ազատության հրապարակի տարածքում բարեկարգմանը զուգահեռ երեկ դրախտանոճիներ (туя) են արմատախիլ արվել: Ծառերի հեռացման կադրերը Ֆեյսբուքում օգտատերերից մեկն է հրապարակել։ Օգտատերը հրապարակմանը կից գրել է՝ լրագրողների բացակայությունից հետո տրակտորով տրորել են մեծ և թանկարժեք եղևնիներ։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ազատությանը» տեղեկացրեց՝ այդ ծառերը վերատնկվելու են այլ տեղում։
«Չգիտեմ արդյո՞ք դա ամենալավ տարբերակն է, հուսով եմ, որ էդ բույսերին շատ մեծ վնաս չի հասցվել: Համենայն դեպս, մի քանի տեղեր մեկնաբանություն տեսա՝ «տրակտորով անցնում են ծառերի վրայով», դա այդքան էլ էդպես չի, որ անցնում են», - նշեց Կարապետյանը։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն «Ազատության»-ը տեղեկացրեց՝ տեսանյութում երևացող թանկարժեք ծառերը անցած շաբաթ ապամոնտաժված սրճարանների սեփականատերերին են պատկանել, նրանցն է եղել ծառերը տարածքից հեռացնելու ցանկությունը:
«Վերակառուցման աշխատանքների շրջանակներում առաջին և երկրորդ օրը էն բոլոր թփատեսակները, որոնք որ շինհրապարակում էին և կարող էին վնասվել, մենք նրանց բոլորին տեղափոխել ենք այլ վայր և վերատնկել ենք։ Երեկվա մասով կարող եմ ասել, որ տարածքում կային մի քանի տույաներ», - ասաց Հակոբյանը։
Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ դրախտանոճիների հեռացմամբ քաղաքապետարանը չի զբաղվել, դրանք տարածքից հանվել են սրճարանների սեփականատերերի նախաձեռնությամբ։
«Հանել են, տեղափոխել են, ենթադրվում է՝ այլ տարածքում տնկելու նպատակով», - ընդգծեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը։
Տարածքում նաև ծառեր են հատվել։ Խաչիկ Հակոբյանը պնդում է, թե դրանք չորացած են եղել։ Ասում է, որ քաղաքապետարանն այգու ծառերը վնասելու մտադրություն չունի. - «Հեռացվում են էն չորացած ծառերը, որոնք որ տարիներ շարունակ էդպես մնացել են, շատերի նկատմամբ նաև ներգործում է եղել, որ նրանք, ցավոք սրտի, շուտ և արագ փչանան։ Հիմա էս ամեն ինչը կարգավորվում է»։
Բնապահպան Կարինե Դանիելյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց. - «Մի բան է, որ կաբինետում նստած որոշում ես՝ ինչպես պետք է լինի, իսկ ուրիշ բան է, որ դա իջնում, հասնում է մինչև տրակտորիստի և կարող է հակառակ պատկերը ստացվի»։
Արդյո՞ք հնարավոր է դրախտանոճիներն արմատախիլ անել, հետո կրկին տնկել. բնապահպանը ոչ միանշանակ է պատասխանում։ Ասում է՝ որոշ ծառատեսակների դեպքում տեղափոխությունը ցանկալի չէ։
Ազատության հրապարակում՝ ապամոնտաժված սրճարանների հատվածում արդեն բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, հարթեցվում է հողը, ծառերն են էտվում։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի հաշվարկով՝ այգու բարեկարգման աշխատանքները կավարտվեն մեկուկես ամսից։