Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջապես խաղաղության հնարավորություն է ստեղծվել․ The Washington Post

ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջապես խաղաղության հնարավորություն է ստեղծվել, գրում է The Washington Post-ի վերլուծականը, փաստելով՝ տասնամյակներ շարունակված անարդյունք բանակցություններից հետո՝ հիմա տեղում մի էական փոփոխություն է արձանագրվել, որը կարող է տանել դեպի կարգավորում:

«Մեկ տարի առաջ Հայաստանում ցուցարարները պաշտոնանկ արեցին վարչապետին՝ ճանապարհ հարթելով դեկտեմբերին կայացած ազատ ընտրությունների համար: Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը կարող է հակամարտության երկու կողմերում էլ փոխել առաջնորդների հավակնությունները», - պնդում է վերլուծականը՝ մանրամասնելով․ - «Գիտական վերջին հետազոտությունները փաստում են, որ երբ տարածաշրջանը առավել ժողովրդավար է դառնում, հակամարտության կարգավորման հեռանկարը աճում է, ագրեսիայի միտումը՝ նվազում: Ժողովրդավար հասարակությունները հարևանների հետ խաղաղ շփումների կողմնակից են, ձգտում են առաջ տանել համագործակցությունն ու փոխզիջումները, ինչը թուլացնում է աջակցությունը խնդրի ռազմական կարգավորմանը»:

Վերլուծականը միաժամանակ փաստում է՝ տարածաշրջանի ժողովրդավարացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: «Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ համաձայնության ավելի հավանական է հասնել, եթե բոլոր կողմերն են ներգրավված բանակցություններում: Հիմա հրատապը հակամարտությունից տուժած բոլոր խմբերի՝ շփման գծի մոտ ապրող գյուղական համայնքների, կանանց, փախստականների ու հենց Լեռնային Ղարաբաղի ներգրավումն է կարգավորման գործընթացում», - պնդում է The Washington Post-ի հոդվածը` փաստելով, որ բոլոր այս խմբերը տարիներ շարունակ դուրս են թողնվել բանակցություններից:

«Անշուշտ, երբ զինվորականները շարունակում են վերահսկել սահմանները և տարածաշրջանում անվտանգության երաշխիքներ չկան, կողմերի միջև շփումների կոչը անիրատեսական կարող է թվալ», - փաստում է The Washington Post-ի վերլուծությունը` ներկայացնելով, թե ինչ կարելի է անել այդ ուղղությամբ հաջողության հասնելու համար․ - «Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Լեռնային Ղարաբաղը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական խմբերը պետք է ներգրավվեն տարածաշրջանում առավել ընդարձակ անվտանգություն ապահովող համաձայնագրերի ու ինստիտուտների կայացմանը: Դրանք կարող են լինել տարածաշրջանով մեկ գործող կանոններ, պայմանագրեր ու դաշնագրեր, որոնք թույլ կտան համայնքների առաջնորդներին համագործակցել միմյանց հետ՝ ընդհանուր խնդիրների, օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, գյուղական աղքատության դեմ պայքարի, առևտրային ուղիների վերականգնման, ջրի փոխանակման կամ մշակութային ժառանգության պահպանման շուրջ»:

«Կողմերի միջև նման կապերի ստեղծումը կօգնի դիվանագիտությանը կարճատև փոխզիջումների փոխարեն կենտրոնանալ առավել տևական, ողջ տարածաշրջանին վերաբերող հանապազօրյա խնդիրների վրա: Նման բազմակողմ երկխոսությունը կարող է նաև նվազեցնել թշնամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև և հնարավորություն տալ, որ միջագային միջնորդներն ու երկու կողմերի առաջնորդները առավել նպաստավոր պայմաններում դիմեն հանրությանը՝ փոխզիջման հարցով», - ասված է հոդվածում:

Խոսելով հակամարտող բոլոր կողմերի ներգավվածությամբ բանակցություններն առաջ տանելու առավելությունների մասին, The Washington Post-ի վերլուծականը փաստում է. - «Եթե այս քայլերը չձեռնարկվեն, սահմանագծի երկու կողմերի միջև շփումները կմնան հատուկենտ, խաղաղության շուրջ համաձայնագրերն էլ կարճատև կյանք կունենան»:

Հոդվածը հրապարակվել է The Washington Post-ի վերլուծական բաժնում, այն հեղինակել է Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների գծով պրոֆեսոր, հակամարտությունների կարգավորման մասին մի շարք աշխատությունների հեղինակ Աննա Օհանյանը: