Արագած համայնքի բնակիչները շարունակում են բողոքի ակցիաները՝ ՀԷԿ-երի փակման պահանջով

Արագած համայնքի բնակիչները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով փակել Գեղարոտ գետի վրա կառուցված երկու ՀԷԿ-երը։

«Մինչ էդ ԳԵՍ-երի կառուցումը ոչ մի բան չի եղել՝ հիվանդություն չի եղել, ԳԵՍ-երի կառուցումից մեկ-երկու տարի հետո հիվանդությունները սկսեցին, ծառերը չորացան։ Գորտն ի՞նչ կենդանի է, որ վերացավ։ Ընդհանրապես գորտ չկա», - «Ազատության» հետ զրույցում բողոքեց գյուղացիներից մեկը։

Ակցիաները սկսվել էին դեռ չորս ամիս առաջ, այդ ժամանակ մարզպետ Դավիթ Գրիգորյանի և ՀԷԿ-երի սեփականատերերի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աշխատանքները ժամանակավորապես կկասեցվեն, քանի դեռ բնակիչների պնդումների մասով ստուգումներ չեն իրականացվել:

«Գեղարոտ» ՀԷԿ-ի սեփականատեր Էդիկ Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանի դեմ։

«Մարզպետն եկել էր այդ հարցով, մենք էլ ասեցինք՝ «եթե մենք օրենքի երկրում ենք, մենք անջատում ենք, ստեղծեք հանձնաժողով, թող գան սրանք անեն»։ Մենք անջատել ենք, ասել ենք՝ «երկու ամսով», հետո էլի երկու ամիս երկարացրեցինք։ Ինչքա՞ն կարելի է, ի վերջո, օրենքով կառուցված ՀԷԿ է։ Նախկինում լավ գյուղապետ է եղել, վատ գյուղապետ է եղել, չեմ իմ անում, իր համաձայնությունը տվել է չէ՞, որ սարքել ենք», - ասաց Էդիկ Գրիգորյանը։

Վարչապետի որոշմամբ, գերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, որը պիտի փորձաքննության միջոցով պարզի՝ ջրում թթուների բարձր կոնցենտրացիան արդյո՞ք պայմանավորված է ՀԷԿ-երի աշխատանքով։ Փորձագիտական խումբն օրեր առաջ ժամանել էր Արագած համայնք, սակայն բնակիչները նրանց թույլ չեն տվել աշխատել:

Մարզպետ Դավիթ Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ինքն իրավասու չէ արգելել ՀԷԿ-երին գործել, դրա համար այլ մարմիններ կան, սակայն, ապացույցներ են պետք։

«Ամեն հարց պետք է լուծվի օրինական ճանապարհով, եթե փաստաթղթերով են ՀԷԿ-երը բացվել, եթե պետք է կանգնեն, ուրեմն պետք է կանգնեն փաստաթղթով՝ հիմնավորումներով, եթե պետք է շարունակեն, նորից պետք է լինի վնաս չտալու մասին հավաստում», - ասաց Դավիթ Գրիգորյանը։

ՀԷԿ-ը վերսկսել է աշխատել հենց այս միջադեպից հետո։ Գյուղի բնակիչները կրկին բողոքի ելան, ինչից հետո ՀԷԿ-ի աշխատանքներն անորոշ ժամանակով կանգ առան։ Գյուղի բնակիչները պնդում են՝ որևէ փորձագիտական խմբի թույլ չեն տալու աշխատանք իրականացնել։

«Հիմա ոչ մի փորձագիտական խումբ չի կարող մեր հարցերին պատասխան տալ։ Մենք ոչ մեկի չենք հավատում», - ասացին գյուղացիները։

ՀԷԿ-ի սեփականատերն այսօր հանդիպել է գյուղի բնակիչների հետ։ Նրանք իրենց կողմից տարիներ շարունակ իրականացրած փորձագիտական աշխատանքների արդյունքներն են ներկայացրել, որոնց համաձայն, ինչպես «Ազատության» հետ զրույցում պնդեց Էդիկ Գրիգորյանը, ջրում թթուների և քիմիական այլ նյութերի առկայությունը ՀԷԿ-երի աշխատանքի հետ կապ չունի։

«Մենք որ եկել ենք այստեղ աշխատանքներ սկսելու, մենք անալիզները վերցրել ենք, 2010 թվականի տվյալներով ընդհանրապես գորտ չենք տեսել, եթե PH-ը 3.7-3.4 է, չի կարա այդտեղ ձուկ աճի, բնակիչների մի մասն ասում է, որ երկրաշարժից հետո ձուկ ընդհանրապես չի եղել», - ասաց Գրիգորյանը։

Սեփականատերը վստահեցնում է՝ եթե նոր փորձաքննություն այնուամենայնիվ անցկացվի և պարզվի, որ իրենց պնդումները ճիշտ են՝ չաշխատած ամիսների համար փոխհատուցում է պահանջելու: