Ալաբամա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալաբաման դարձավ ԱՄՆ 49-րդ նահանգը, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Ալաբամայի նահանգապետ Կայ Իվեյն ապրիլը հայտարարել է «Ցեղասպանության իրազեկման ամիս»։

«Մենք ողջունում ենք նահանգապետ Իվեյի հռչակագիրը, որով Ալաբաման դարձավ 49-րդ նահանգը՝ պաշտոնապես ընդունելով մարդկության դեմ իրականացված այս միջազգային հանցագործությունը», - հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի խորհրդի նախագահ Սթիվ Մեսրոբյանը՝ շարունակելով. - «Այս հռչակագիրը հզոր հիշեցում է, որ ցեղասպանությունների մասին ճշմարտությունը չի կարող թաքցվել կազմակերպիչների և նրանց կողմից, ովքեր շահույթ են ստանում հանցագործությունից»։

Այսպիսով` ավելի քան կես միլիոն հայազգի բնակչություն ունեցող և հայկական երկրորդ ամենամեծ գաղթօջախը համարվող Ամերիկայի 50 նահանգներից 49-ը՝ բացի Միսիսիպիից, ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։

Անցած դարի 60-ական թվականներից ի վեր Ամերիկայի հայ համայնքը պայքարում է, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը ճանաչի 1915-ին մեկուկես միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն և դատապարտի ոճիրը։ Սակայն, Սպիտակ տան ղեկավարները հիմնականում խուսափել են ցեղասպանություն եզրը գործածելուց և իրենց աջակցությունն առաջարկել հայերի և թուրքերի հաշտեցման գործում։ ԱՄՆ 44-րդ և 45-րդ նախագահներ Բարաք Օբաման ու Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի իրենց ուղերձներում օգտագործել են հայերեն Մեծ Եղեռն բառակապակցությունը: