Նարեկ Հախնազարյանը կրկին Երևանում է

Մեր լավագույն թավջութակահարներից Նարեկ Հախնազարյանն արդեն քանի տարի աշխարհի լավագույն բեմերում հիացնում է երաժշտասերներին իր համերգներով, որոնցով պարզապես գերհագեցած է նրա աշխատանքային-ստեղծագործական գրաֆիկը:

Այդուհանդերձ նա տարին առնվազն 3-4 անգամ ժամանակ է գտնում համերգներով հանդես գալու նաև հայրենիքում, և ահա այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում կրկին կհնչի նրա թավջութակը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանն ասաց, որ միասին չեն նվագել վերջին երկու տարիներին․ - «Ու հիմա շատ ուրախ եմ, որ նորից նվագում ենք: Շատ գեղեցիկ կոնցերտ ենք նվագում՝ Էլգարի կոնցենտը: Նաև շատ դժվար օրկեստրի և թավջութակի դիալոգը: Բայց էսօր առաջին փորձը արեցինք, կարծում եմ, շատ լավ պիտի լինի: Երկրորդ բաժնում Բեթհովենի 2֊րդ սիմֆոնիան է: Արտակարգ գեղեցիկ ծրագիր»:

Երիտասարդ, բայց վաղուց արդեն աշխարահռչակ թավջութակահարը սիրով է ընդունել ընկերոջ՝ Էդվարդ Թոփչյանի հրավերը մեկ համերգով հանդես գալու: Ցավոք, ասում էր Նարեկ Հախնազարյանը համերգից առաջ մեր զրույցի ընթացքում, ավելին չեմ կարող մնալ:

Հավելեց, որ անհամբեր սպասում է համերգին․ - «Մեծ սիրով միշտ աշխատում եմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այս տարի սա հայրենիքում առաջին համերգս է, և շատ ուրախ եմ, որ իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկն եմ կատարելու՝ Էլգարի թավջութակի կոնցերտը, որը, իմ կարծիքով, ամենասիրուն, լիրիկ և ռոմանտիկ կոնցերտներից մեկն է թավջութակի վրա կատարվող»: