Լոնդոնը խնդրում է ԵՄ «Բրեքզիթի» վերջնաժամկետը երկարաձգել մինչև հունիսի 30-ը

Թերեզա Մեյի պնդմամբ, Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունը լքելու` «Բրեքզիթի» գործընթացը չպետք է անվերջ երկարաձվի: Այդ մասին բրիտանական կառավարության ղեկավարը հայտարարեց այսօր Համայնքների պալատում կայացած քննարկման ժամանակ:

Մեյի խոսքով, պաշտոնական Լոնդոնը ցանկանում է «Բրեքզիթի» համար սահմանված վերջնաժամկետը երկարաձգել մինչը հունիսի 30-ը:

«Որպես երկրի վարչապետ, ես չեմ պատրաստվում այդ վերջնաժամկետը ավելի երկարաձգել», - դիմելով բրիտանացի խորհրդարանականներին՝ հայտարարել է Մեյը:

Բրիտանական կառավարության ղեկավարն ասել է նաև, որ «Բրեքզիթի» ժամկետների երկարաձգման խնդրանքով նամակը կառավարությունն արդեն իսկ ուղարկել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Մեյի կառավարությունը հույս ունի մինչև հունիսի 30-ը Բրյուսելի հետ նոր համաձայնագիր մշակել և կնքել:

Նախապես ենթադրվում էր,որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունը կլքի մարտի 29-ին: