Ալիև․ Ադրբեջանը դեմ է բանակցային ձևաչափի փոփոխությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ղարաբաղյան խնդիրը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, այսօր Նովրուզի առթիվ հրապարակած շնորհավորական ուղերձում հայտարարել է Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը վերստին նշել է՝ Բաքուն դեմ է բանակցային ձևաչափի փոփոխությանը, և պնդել, թե այս դիրքորոշումը պաշտպանում են նաև խնդրով զբաղվող միջնորդները:

«Հայկական կողմը հարց է բարձրացրել բանակցային ձևաչափի փոփոխության մասին, Ադրբեջանը, բնականաբար, դեմ է դրան: Միաժամանակ, Մինսկի խմբի համանախագահները՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի ներկայացուցիչները, հանդես գալով կարևոր հայտարարությամբ, ընդգծեցին, որ ձևաչափը պետք է մնա անփոփոխ: Նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները: Սա միանշանակ լուրջ ազդակ է Հայաստանի համար և վկայում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը գնալով ավելի մեծ աջակցություն է ստանում», - ասել է Ալիևը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր՝ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը ոչ թե ձևաչափի փոփոխության, այլ բանակցային ձևաչափի վերականգնման առաջարկ է, փաստելով, որ 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է հակամարտող երեք կողմերի՝ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի կողմից, հետո էլ այդ ձևաչափն ամրագրվել է միջազգային այլ փաստաթղթերում:

Ադրբեջանի նախագահն այսօր հայկական կողմի այս փաստարկներին որևէ կերպ չի արձագանքել: Իլհամ Ալիևը միայն պնդել է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, և խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Խոսելով բանակցությունների մասին՝ Ալիևը միաժամանակ ընդգծել է, որ դրանց զուգահեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմական ներուժը հզորացնել․ - «Անցած տարի անցկացված երկու ռազմական շքերթները ցույց տվեցին ողջ աշխարհին մեր զինուժի հզորությունը: Այս տարի, ինչպես նաև առաջիկա տարիներին մենք անելու ենք ամեն հնարավորը մեր բանակաշինության համար: Ադրբեջանի բանակը զինվում է ամենաարդիական տեխնիկայով, և մեր անվտանգությունն օր-օրի ավելի է ամրապնդվում»:

Նախագահ Ալիևից բացի այսօր ղարաբաղյան խնդրի մասին է խոսել նաև նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում: Անդրադառնալով ժողովուրդներին խաղաղության պատրաստելու միջնորդների կոչին, Հաջիևը պնդել է․ - «Միայն արդարացի լուծումը կարող է նպաստել կայուն խաղաղությանը: Հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից, ադրբեջանցի փախստականները՝ վերադառնան իրենց բնակավայրեր: Միայն այսպես է հնարավոր հասնել արդարացի լուծման»:

«Ադրբեջանը արդեն 25 տարի է՝ բանակցություններ է վարում, ինչը վկայում է խաղաղ բանակցություններին մասնակցելու և փոխզիջման պատրաստակամության մասին: Սակայն այսպես չի կարող անվերջ շարունակվել», - ընդգծել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան «Անադոլու»-ին տված հարցազրույցում: