Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկայում սպասվող հանդիպմանը ոչ թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն բանակցություններ են ընթանալու, այլ ձգտելու ենք բոլորի համար ընդունելի մեկնաբանություններ մշակել կարգավորման գործընթացում առկա սկզբունքների ու տարրերի վերաբերյալ:
«Փաստաթղթում ներառված երեք սկզբունքների և վեց տարրերի շուրջ կան տարակարծիք մեկնաբանություններ․ Ադրբեջանը իր ձևով է հանդես գալիս մեկնաբանությամբ, հայկական կողմը նույնպես հանդես է գալիս մեկնաբանությամբ, և դրանք տարբեր ձևով են մեկնաբանում․․․ Ուստի անհրաժեշտություն է առաջացել առաջիկա հանդիպման: Ուղղակի մշակել բոլորի համար ընդունելի մեկնաբանություն այդ երեք սկզբունքների և վեց տարրերի, և արդեն դրանից հետո հասկանալ, թե ինչպես են շարժվում առաջ: Իսկ ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին, նշվել է բազմիցս, որ ներկա փուլում որևէ բուն բանակցային գործընթաց չի ընթանում: Հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ կա հիմնախնդրի հանգուցալուծման բուն գործընթացը, և կա այն ամբողջ միջավայրը, որի շրջանակներում ընթանում է հանգուցալուծումը: Եվ այդ միջավայրում մենք հանդես ենք եկել և՛ առաջարկություններով, և՛ նոր գաղափարներ են առաջադրվել: Եվ այդտեղ պետք է լինի մոտեցումների և պատասխանատվությունների համադրում, և այս ամենի շուրջ է, որ ընթանում է զրույցը: Ինչպես նաև առաջիկայում ընթանալու է մեկնաբանությունների շուրջ»:
Փետրվարի 20-21-ը Հայաստան ու Ադրբեջան այցելելուց, երկու երկրների ղեկավարներին հանդիպելուց հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 1-ին հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Երեկվա ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ պետք է հասկանալ, թե ինչ են նշանակում վերոհիշյալ սկզբունքներն ու տարրերը, որովհետև առկա է տեքստ և կան այդ տեքստի պետական մակարդակով արվող տասնյակ մեկնաբանություններ․ - «Մենք ուզում ենք, որ համանախագահները, Ադրբեջանի ներկայացուցիչները, Հայաստանի ներկայացուցիչները, Ղարաբաղի ներկայացուցիչները միասին հասկանանք՝ էս սկզբունքները ի՞նչ են նշանակում, ի՞նչ կարող են նշանակել գործնականում: Օրինակ, էդ սկզբունքները Ադրբեջանը մեկնաբանում է, որ դա նշանակում է, որ Ղարաբաղը պետք ա լինի Ադրբեջանի մաս: Սա մի մեկնաբանություն է: Իսկ կարո՞ղ է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն: Իսկ կարո՞ղ է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի Հայաստանի մաս: Եվ էդպես շարունակ: Երկխոսությունը էդ ա: Բա երկխոսությունը ինչի՞ համար ա: Եթե բոլորին ամեն ինչ պարզ ա, էլ երկխոսության իմաստը ո՞րն ա: Երկխոսության նպատակը հենց բազմաթիվ հարցեր պարզաբանելն ա, և առաջիկա հանդիպումը, իհարկե, առնվազն մեր ընկալմամբ, նվիրված կլինի այդպիսի մի շարք պարզաբանումներ արդեն պաշտոնապես արձանագրելուն»:
Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո՝ անցած տարվա մայիսից ի վեր, Նիկոլ Փաշինյանն արդեն չորս անգամ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ: Նախորդը հունվարի 22-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում էր, որը տևեց մոտ մեկ ու կես ժամ:
Հատկանշական է, որ անցած տարվա սեպտեմբերի վերջին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած Փաշինյան - Ալիև հանդիպումից ի վեր հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմը հակառակորդի կրակոցից զոհ չի տվել: