Ղազախստանի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները այսօր ստանձնած Քասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի պալատների համատեղ նիստի ժամանակ առաջարկել է երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան՝ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին:
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ Տոկաևը Նազարբաևին որակել է ցկյանս «ժողովրդի հայր» և հայտարարել․ - «Անհրաժեշտ եմ համարում հավերժացնել մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը այսպես․ մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունը և կոչվի Նուրսուլթան»:
Նա առաջարկել է երկրի մարզկենտրոնների կենտրոնական փողոցները նույնպես անվանակոչել Նազարբաևի անվամբ:
«Համաձայն խորհրդարանի ընդունած օրենքների՝ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևը մնում է մեր երկրում միակ և ցկյանս Ելբասին՝ ժողովրդի հայրը», - ասել է Տոկաևը:
Ղազախստանը երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը երեկ հայտարարեց նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին, բայց չհեռացավ քաղաքականությունից՝ 78-ամյա Նազարբաևը կղեկավարի երկրի Անվտանգության խորհուրդը: