Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
Նախկին նախագահի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել Հատուկ քննչական ծառայությունը, և մարտի 15-ին դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը:
Պաշտպանական խումբը իր հաղորդագրությունում նշում է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի մեղադրանքի դրվագով դատարանը գտել է՝ հիմնավոր կասկածը բացակայում է:
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: