Շուրջ վեց ժամ ընթացած ավագանու այսօրվա նիստում ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պնդեց՝ քաղաքապետարանը 900 միլիոն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների համար ուղղորդված մրցույթ է հայտարարել:
Խաժակյանը նաև ասաց, որ գնումների բողոքարկման խորհուրդը չեղյալ է հայտարարել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթը և պարտավորեցրել է քաղաքապետարանին փոխել տեխնիկական բնութագրերը՝ համապատասխանեցնելով գնումների մասին օրենսդրությանը։
«Դրանից հետ որոշ ժամանակ է անցել, և հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ ես ակնկալում էի, որ մրցույթը կրկին կհայտարարվի արդեն շտկված տեխնիկական բնութագրով: Հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ այդ մրցույթը չի հայտարարվում», - հարցրեց Խաժակյանը։
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը չհամաձայնեց Խաժակյանի ձևակերպմանը, ասաց, թե մրցույթն ուղղորդված չի եղել, այն ներկայացվել է սահմանված կարգով՝ քաղաքապետարանի պահանջներին համապատասխան: Տեղեկացրեց նաև, որ հայցը դատարանում է:
«Բողոք քննող անձի կողմից ներկայացված դիրքորոշումը քաղաքապետարանը սահմանված կարգով վիճարկում է դատարանում, այդ իսկ պատճառով մրցույթի վերահայտարարումը այս պահին կասեցված է՝ մինչ կստանանք համապատասխան վճիռ», - նշեց փոխքաղաքապետը։
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն Օպերայի շրջակա տարածքների սրճարանների ապամոնտաժման ընթացքում հայտարարել էր, որ սրճարանների աշխատողների թիվն ուռճացված է եղել: Նիստի ավարտից հետո քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեցինք՝ իրավապահներին դիմե՞լ են։
«Էդ հայտարարությունը արդեն հերիք է, որպեսզի քննչական մարմինները... Եթե իրենք ուզեն, մենք, բնականաբար, կփոխանցենք մեծ հաճույքով բոլոր փաստերը», - պատասխանեց Մարությանը։
Լրագրողները քաղաքապետից նաև հետաքրքրվեցին, թե արդյոք պարզել են՝ ինչպես են տարիներ շարունակ Օպերայի շրջակա տարածքի սրճարանների սեփականատերերը ընդամենը 90 հազար դրամ վարձ վճարել ու գերշահույթ ստացել:
Քաղաքապետը հարցին հարցով պատասխանեց․ - «Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ քաղաքին պականող մի շարք տարածքներ սեփականաշնորհվել են»:
Մարությանը հավելեց, որ փաստեր ունեն, դրանք ուղարկել են իրավապահներին:
«Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ այգում 2 հազար, 3 հազար քառակուսի մետր հող են վաճառել: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ ինչ-որ մեծ շինություններ մեկին նվեր են տվել: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի շենքը՝ թաղապետարանը, կեսը ինչ-որ մարդու է պատկանում, ոչ թե Երևան համայնքին։ Ինչպե՞ս է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում նույնպես վարչական շրջանի կեսը ինչ-որ ուրիշ մարդու է պատկանում, էնտեղ կա մեծ ստադիոն, որը ուրիշ մարդու է պատկանում, կա գրադարան, որը մեր համայնքինն էր՝ ուրիշ մարդու է պատկանում, դա ինչպե՞ս է ստացվել։ Մեզ չի պատկանում այլևս գրադարանը, մարզադաշտը, թաղապետարանի կեսը, ինչպե՞ս է ստացվել․․․ Մենք այդ նյութերը պատրաստել ենք և փոխանցել ենք քննչական մարմիններին», - ընդգծեց քաղաքապետը։