Հայաստանում մեկնարկում են Մալթայի երաժշտության օրերը

Սերգեյ Սմբատյան

Մարտի 19-21 Հայաստանում կանցկացվի «Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը, որը նախաձեռնել են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ Կոնստանդին Իշխանովի գլխավորությամբ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Ծրագիրը կմեկնարկի այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգով, որին Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կմասնակցի Մալթայից ժամանած հայտնի ջութակահար Կարմինե Լաուրին՝ շատ ուշագրավ ծրագրով: Առաջին անգամ Հայաստանում կհնչի Յոզեֆ Վելլայի «Rebbieha» սիմֆոնիկ պոեմը, կկատարվեն նաև Էրիկ Վոլֆգանգ Քորնգոլդի Ջութակի կոնցերտը և Կամիլ Սեն-Սանսի թիվ 3 կոնցերտը:

Այսօրվա համերգը կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Մալթայից ժամանած դիրիժոր Իլյա Շտուպելը:

«Մենք անցած տարի նվագում էինք Մալթայում, ռեզիդենտ նվագախումբն էինք Մալթայում կայացած փառատոնի, և դա մեր առաջարկն էր, որ Հայաստանում նույնպես դա տոնենք, որ մարդիկ իմանան, որովհետև կա երաժշտություն, որ չի հնչել Հայաստանում», - ասաց Սերգեյ Սմբատյանը:

Հավելենք, որ «Մալթայի երաժշտական օրեր» ծրագրի շրջանակներում կայանալիք համերգներին մեր երաժշտասերները հնարավորություն կունենան ծանոթանալ նաև այլ մալթացի հանրահայտ երաժիշտ-կատարողների, դիրիժորների, կոմպոզիտորների ձեռքբերումներին դասական երաժշտության բնագավառում: