Այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկվում է 802 ներդրումային ծրագիր. Փաշինյան

2019 թվականի փետրվարին 2018 թվականի փետրվարի նկատմամբ Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս՝ փետրվարը փետրվարի նկատմամբ։

«Ընդհանրապես այսօրվա դրությամբ երկրում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով: Մասնագետների գնահատմամբ, սա ահռելի աճ է։ Սա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք շինարարության պահանջարկ, սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր, ոչ միայն շինարարության ոլորտում, այլև՝ շինանյութերի արտադրության ոլորտում, նաև սպասարկման ոլորտում և այդպես շարունակ։ Սա շատ կարևոր ցուցանիշ է, որն իր հերթին բերելու է գործազրկության կրճատման», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկվում է 802 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2,7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով։

«Այդ ծրագրերից 42-ը՝ 774 միլիոն դոլարի ծավալով, ըստ էության, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, մյուսները գտնվում են ակտիվ քննարկման փուլում։ Սա նշանակում է, որ երկրում որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ ունենք», - ասաց Փաշինյանը։